ԼՂՀ խորհրդարանական հերթական ընտրությունների անցկացման օրը հայտնի է. ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի փոխանցամբ, դրանք կանցկացվեն 2015թ. մայիս ամսվա առաջին տասնօրյակում։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Karabakh open-ը, դեկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսում ԿԸՀ նախագահը շեշտել է, որ խորհրդարանական ընտրությունների և ամռանը անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների անցկացման համար շուրջ 200 մլն դրամ է նախատեսվում ծախսել:

 

Ի դեպ, ավելի վաղ խորհրդարանում որոշվել էր, որ համամասնական և մեծամասնական ընտրակարգով ընտրվողների մանդատների հարաբերակցությունը 22/11 պետք է լինի՝ գործող 17/13-ի փոխարեն։ Խորհրդարան մտնելու համար նվազագույն շեմ է սահմանվել կուսակցությունների համար 5, կուսակցությունների դաշինքի համար 7 տոկոսը՝ գործող 6-ի և 8-ի փոխարեն։

 

Փոփոխություն է մտցվել նաև համամասնական ընտրակարգով առաջադրվող կուսակցական ցուցակներում սեռերի հարաբերակցության մասով. նոր օրենսգրքով սկսած երկրորդ համարից յուրաքանչյուր հնգյակում սեռերի հարաբերակցությունը պետք է լինի 80/20։