Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում դեկտեմբերի 27-ին շահագործման է հանձնվել բազմաբնակարան շենք, որի 45 բնակարաններից 29-ը հատկացվել են երկկողմանի ծնողազուրկ երեխաների, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների, իսկ 16-ը՝ սոցիալապես անապահով հատուկ խմբերի քաղաքացիների:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասա րակայնության հետ կապերի վարչությունից, շենքի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Զրուցելով քաղաքապետի հետ՝ բնակիչները, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին դիմել էին շենքի ջեռուցման հարցում օժանդակելու խնդրանքով: Քաղաքապետը վստահեցրել էր, որ համապատասխան կառույցների հետ կքննարկի բնակիչների առաջարկն ու բարձրացված հարցին լուծում կտրվի:
Ամանորին ընդառաջ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը բնակիչներին էլեկտրական ջեռուցիչներ է հանձնել: Բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել անակնկալ, բայց և հաճելի նվերի համար: