Իսպանիայի իշխանությունները չորս բալանոց սանդղակով ահաբեկչական հարձակման սպառնալիքը երրորդ մակարդակի են գնահատել: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

 

Այդ որոշումը պայմանավորված է Փարիզում տեղի ունեցած իրադարձություններով, որտեղ չորեքշաբթի օրը երեք զինված տղամարդ սպանել են Ֆրանսիայի երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի 12 աշխատակցի:

 

Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը հայտարարել է, որ դեռևս չկա ոչ մի պատճառ հավատալու, որ երկիրն ահաբեկիչների կողմից ենթակա է անմիջական սպառնալիքի:

 

Ահաբեկչական սպառնալիքի երրորդ մակարդակն անվտանգության միջոցառումների աճ է նշանակում:

 

Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, մարդիկ տարհանվել են Մադրիդի Prisa լրատվական գործակալության շենքից՝ կասկածելի փաթեթի առկայությամբ պայմանավորված:

 

2004 թ. Մադրիդում Եվրոպայի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչական հարձակումն է տեղի ունեցել: Իսլամիստներն ուղևորատար գնացք են պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է 191 մարդ: