Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պնդում է, որ Վրաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ են կռվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում: Այդ կապակցությամբ նա հանրապետության ներկայիս իշխանություններին մեղադրել է անգործության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Վրաստանի մի քանի հարյուր քաղաքացիներ են ուղարկվել Սիրիա: Վրացական կառավարությունը ոչ մի խոսք չի ասում այն բանի առթիվ, որ բազմաթիվ խորամանկությունների օգնությամբ վրացիներին պատերազմելու են քշում Սիրիա: Բնականաբար, դա Վրաստանի շահերից չի բխում»,- ԱՄՆ-ից ասել է Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

 

Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները գրել են, որ Սիրիայի կառավարական զորքերի դեմ մարտերին մասնակցում են Վրաստանի Պանկիսի կիրճից մեկնած 50-ից մինչեւ 100 երիտասարդներ:

 

Սահակաշվիլին նաեւ հայտարարել է, որ «մտադիր է վերադառնալ հայրենիք»: Նա չի ճշտել, թե երբ է պլանավորում դա անել, բայց ասել է. «Փոխվում է աշխարհաքաղաքական իրադրությունը, իսկ մեր բարեկամների դիրքերն ուժեղանում են, այս ամենը կնպաստի Վրաստան իմ վերադառնալուն»: