Վրաստանցի շուրջ 100 զինվորականներ են կռվում ուկրաինացի ուժայինների կողմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գեներալ Գիգի Կալանդաձեն հայտարարել է Կիեւից ուղիղ հեռարձակման ընթացքում:
«Վրաստանի քաղաքացիների թվաքանակը շարունակ փոփոխվում է, բայց ընդհանուր հաշվով կռվում են մինչեւ 100 վրացի զինվորականներ»,- հունվարի 20-ի երեկոյան ասել է Կալանդաձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:
Նա «վիրավորանք» է համարել հայտարարություններն այն մասին, թե վրացի մարտիկներին բարձր են վճարում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Կալանդաձեի խոսքով՝ վրացի զինվորականները օգնություն են ստանում միայն իրենց ընկերներից ու ընտանիքներից:
Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին հայտարարել է, որ երկրի քրեական օրենսգիրքը ներառում է նոր հոդված, որի համաձայն երկրի սահմաններից դուրս անօրինական զինված կազմավորումներին Վրաստանի քաղաքացիների մասնակցությունը համարվում Է հանցագործություն:
Ավելի ուշ Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Լեւան Իզորիան հայտնել է, որ այդ օրենքը չի վերաբերում երկրի այն քաղաքացիներին, որոնք Ուկրաինայում կռվում են պաշտոնական իշխանությունների կողմում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: