Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հարյուրավոր վրացիներ կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում: Այդ մասին Սաակաշվիլին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:

 

«Վրաստանի մի քանի հարյուր քաղաքացի ուղարկվել է Սիրիա»,- ասել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի արևելքում կռվող կամավորներին Թբիլիսին «սադրիչներ» է անվանում, սակայն ոչինչ չի անում, որպեսզի կանխի Վրաստանի քաղաքացիների աջակցությունը Սիրիայի և Իրաքի գրոհայիններին:

 

Սաակաշվիլին ընդգծել է, որ այդ գործողությունները «Վրաստանի շահերից չեն բխում»:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիյա Ջանելիձեն հայտարարել էր, որ Վրաստանը չի մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը: