Ադրբեջանի միջազգային բանկի (ԱՄԲ) պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Մոսկվա' այսպես կոչված «ԱՊՀ երկրների զարգացման իսլամական բանկ» ստեղծելու մասին գաղափարն իրագործելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվում կարծում են, որ ԱՄԲ-ի այդ «գաղափարը» գոյություն ունենալու եւ զարգացման իրավունք ունի' նկատի ունենալով ռուսաստանյան «դստեր» պատկառելի կապիտալազացումը եւ հյուսիային հարեւանի «որոշ շրջաններում իսլամական բանկավորման նկատմամբ հետաքրքրությունը»:
ԱՄԲ-ի իսլամական ֆինանսավորման վարչության տնօրեն Բեհնամ Գուրբանզադեն լրագրողներին հայտնել է, որ նման դեպքում Բաքուն կդառնա «տարածաշրջանային իսլամական ֆինանսական կենտրոն»:
«Ռուսաստանյան բանկերը ֆոնդավորման խնդիրներ ունեն եւ ակտիվորեն ֆինանսովորման այլընտրանքային աղբյուրներ են որոնում: Այս համատեքստում նրանք պատրաստ են ընդունել նաեւ մեր կողմից առաջարկվող իսլամական ֆինանսավորման սխեմաները», -ասել է նա' հավելելով, որ Ղազախստանը եւս համաձայն է միանալ այդ նախագծին: