Ադրբեջանի միջազգային բանկի (ԱՄԲ) պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ այսպես կոչված «ԱՊՀ երկրների զարգացման իսլամական բանկ» ստեղծելու մասին գաղափարն իրագործելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվում կարծում են, որ ԱՄԲ-ի այդ «գաղափարը» գոյություն ունենալու և զարգացման իրավունք ունի' նկատի ունենալով ռուսաստանյան «դստեր» պատկառելի կապիտալազացումը և հյուսիային հարևանի «որոշ շրջաններում իսլամական բանկավորման նկատմամբ հետաքրքրությունը»:

 

ԱՄԲ-ի իսլամական ֆինանսավորման վարչության տնօրեն Բեհնամ Գուրբանզադեն լրագրողներին հայտնել է, որ նման դեպքում Բաքուն կդառնա «տարածաշրջանային իսլամական ֆինանսական կենտրոն»:

 

«Ռուսաստանյան բանկերը ֆոնդավորման խնդիրներ ունեն և ակտիվորեն ֆինանսովորման այլընտրանքային աղբյուրներ են որոնում: Այս համատեքստում նրանք պատրաստ են ընդունել նաև մեր կողմից առաջարկվող իսլամական ֆինանսավորման սխեմաները», -ասել է նա' հավելելով, որ Ղազախստանը ևս համաձայն է միանալ այդ նախագծին: