«Հզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է իր կապերը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) և «Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նասրալլահը հայտարարել է «Ալ Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Նասրալլահն ասել է, որ Սիրիայում այդ երկրի ղեկավարությանն անտեսող որևէ քաղաքական լուծում չի կարող լինել:

 

«Թուրքիան շարունակում է կապերն ԻԼԻՊ-ի և «Նուսրա»-ի հետ: Թուրքիան ամբողջությամբ բացել է իր սահմանները նման կազմակերպությունների առաջ: Առանց Թուրքիայի գիտության, այդ երկրի տարածքով Սիրիա զենք անցկացվել չի կարող: Թուրքիայից զինված խմբեր են մուտք գործում Սիրիա: Թուրքիայի տարածքում այդ զինված խմբերի վարժանքների ճամբարներ կան: Սիրիայի հարցում Թուրքիան ճնշիչ դիրքորոշում ունի, ինչն անհետևանք չի մնա»,- նշել է նա:

 

Նասրալլահը հավելել է, որ ընդդիմություն լինելով հանդերձ, իրենք շարունակելու են մասնակցել Սիրիայի դեմ գործող օտար ուժերին վերացնելու գործողություններին:

 

Անդրադառնալով Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալելու հավանականությանը՝ Նասրալլահն ընդգծել է. «Ներկայումս Սիրիայում ղեկավարությանը տապալելու կամ էլ Սիրիային իշխելու կարող ուժ գոյություն չունի: Թուրքիայի առաջնորդ Էրդողանն ասում էր, թե նամազ է անելու Դամասկոսում: Հետո էլ «համեստություն» ցուցաբերելով՝ ասել, թե Հալեպում է նամազ անելու: Այդ բոլորն այլևս հետևում են: Սիրիայի մեծ մասն ու բոլոր մեծ քաղաքները ղեկավարության վերահսկողության տակ են:

 

Սիրիայում Սաուդյան Արաբիայի ազդեցության տակ գտնվող շատ քիչ ուժեր են մնացել: Սիրիայում քաղաքական լուծման մասին խոսք կարող է առաջանալ միայն ԻԼԻՊ-ին վերացնելու համար տարածաշրջանային որոշում տրվելուց հետո»,- եզրափակել է «Հզբոլլահ»-ի առաջնորդը: