ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 19-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ /ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների մասին: Ընդհանուր առմամբ' փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 107 դեպքի: Վրեժ Գաբրիելյանը զեկուցել է նաև մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին:

 

ՏԿԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օ. Ավանեսյանը զեկուցել է մարզային հրշեջ-փրկարարական մեքենաների վրա տեղադրված 196 GPS սարքերի մասին: Ընթացքի մեջ են ևս 4 սարքի տեղադրման աշխատանքները: «103» ծառայության հասանելիությունն ու արդյունավետությունը մարզերում ապահովելու նպատակով' Արմեն Երիցյանը հանձնարարել է GPS սարքավորումներ տեղադրել նաև մարզային շտապօգնության մեքենաների վրա։

 

ՏԿԱԻ նախարարի տեղակալ Կ. Իսախանյանը զեկուցել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում հունվարի 18-ին կայացած քաղաքապետի ընտրությունների ընթացքի և արդյունքների մասին:

 

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների մասին: