Բաքվի Սուրախանի շրջանի Հովսանա ավանում բողոքի ակցիայի ժամանակ 20-ամյա երիտասարդ է զոհվել:

 

Ինչպես հաորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով virtual.az լրատվական կայքը, բնակիչները հավաքվել են ավանի թիվ 118 դպրոցի բակում և պահանջել աշխատանքից հեռացնել դպրոցի տնօրենին, ում մեղադրել են իրենց երեխաներին ցածր կրթական որակ ապահովելու մեջ:

 

Ակցիայի վայր ժամանած Հովսանայի դպրոցի տնօրեն Գարդաշխան Սալիմովը, վախենալով հավաքված ամբոխից, որոշել է փախչել միջադեպի վայրից: Նա իր մեքենան ուղղել է ակցիայի մասնակիցների վրա: Ակցիայի մասնակից Էլմար Ալիևի մոտ էպիլեպսիայի նոպա է սկսվել, որի արդյունքում նա տեղում մահացել է:

 

Նշվում է, որ Էլմար Ալիևը, ով տառապում էր էպիլեպսիայով, նոր էր վերադարձել բանակից:

 

Ավանում լարվածությունն աճում է: Իրադարձությունների վայր են ժամանել Սուրախանիի ոստիկանական վարչության պետը և Բաքվի կրթության վարչության ղեկավարը: