Վերջին 50 տարում Մալայզիայում մոլեգնած ամենաուժգին ջրհեղեղի հետեւանքով երկրի տնտեսությանը պատճառված վնասը կազմել Է 810 մլն դոլար: Անցյալ տարվա դեկտեմբերին եւ այս տարվա հունվարի սկզբին տարերքի հարվածից առավել շատ տուժել Է երկրի հյուսիսի եւ հյուսիս-արեւելքի ենթակառուցվածքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով ԲԵՌՆԱՄԱ ազգային լրատվական գործակալությունը:

 

«Վերջերս մոլեգնած տարերային աղետից երկրին հասցված վնասը գնահատվում Է 2 մլրդ 900 մլն ռինգիտ (810 մլն դոլար): Հեղեղումների հետեւանքով շուրջ 400 հազար բնակիչներ հարկադրված Էին իրենց տները լքել Քելանտանի, Տրենգանուի, Փահանգի, Կեդահի եւ Փերաքի նահանգներում»,-հայտարարել Է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազաքը: Նրա խոսքով՝ բնական աղետի հետեւանքները վերացնելու համար կառավարությունը բյուջեից կհատկացնի ավելի քան 560 մլն դոլար:

 

«Հաշվի առնելով ստեղծված իրադրության լրջությունը՝ 500 մլն ռինգիտի (139,3 մլն դոլար) չափով առաջին մասնաբաժինը կօգտագործվի տուժածներին նյութական, բժշկական եւ հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար»,-նշել Է Ռազաքը, որը միաժամանակ ֆինանսների նախարարն Է:

 

Եվս 223 մլն դոլար կօգտագործվի ավերված շրջանների ենթակառուցվածքի՝ դպրոցների, հիվանդանոցների, ճանապարհների ու կամուրջների վերականգնման համար, հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: