ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անհանգստություն է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում իրադրության սրվելու կապակցությամբ և կոչ է արել բոլոր հնարավորություններն օգտագործել հակամարտության խաղաղ կարգավորման համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Լուրջ մտահոգություն են առաջացնում Ուկրաինայի հարավ-արևելքի վերջին իրադարձությունները: Տեղի է ունենում առճակատման սաստկացում, մարտական գործողությունների ակտիվացում, ինչի հետևանքով զոհվում են զինծառայողներ, խաղաղ մարդիկ, ավերվում են բնակարաններ, հիվանդանոցներ, դպրոցներ: Դեռ երբեք մարտական գործողությունները չեն բերել խաղաղության և քաղաքական հակասությունների կարգավորման»,-ասված է Բորդյուժայի հայտարարության մեջ, որը տարածել է ՀԱՊԿ-ի քարտուղարությունը:
«Չափազանց կարևոր է դրա համար օգտագործել առկա բոլոր հնարավորությունները, նախևառաջ հասնել Մինսկի պայմանավորվածությունների կատարման, «անդորրի» ռեժիմի անշեղ պահպանման, շփման գծից ծանր հրետանու հետքաշման»,-հավելել է Բորդյուժան:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը նաև վստահություն է հայտնել, որ «միայն քաղաքական միջոցներով և Ուկրաինայի բոլոր քաղաքացիների շահերի հաշվառման հիման վրա կարելի է դուրս գալ ստեղծված չափազանց ծանր իրավիճակից և խաղաղության հասնելու ուղին բռնել»:
ՌԻԱ Նովոստին նշում է, որ հունվարի 17-ին Կիևն ուժեղացրել է Դոնեցկի գնդակոծումը և պաշտոնապես հայտարարել, որ քաղաքի օդանավակայանում ուժայինները զանգվածային հատուկ գործողություն են իրականացնում: Մարտական գործողությունների և Դոնեցկի հրետակոծման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, հաղորդակցուղիներ և քաղաքի ենթակառուցվածքը: Գնդակոծումների է ենթարկվել նաև Գոռլովկան: