ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստություն է հայտնել Դոնեցկի օդանավակայանի շրջանում մարտական գործողությունների սաստկանալու կապակցությամբ եւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, որը հրապարակել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:

 

«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Ուկրաինայի արեւելքում Դոնեցկի օդանավակայանի նկատմամբ հսկողություն հաստատելու համար մարտերի սաստկացումից, ինչն արդեն հանգեցրել է մեծաթիվ զոհերի եւ սպառնում է վիժեցնել հրադադարի համաձայնագիրը: Նա կոչ է անում բոլոր կողմերին կատարելու Մինսկի արձանագրության եւ հուշագրի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները եւ, որպես առաջին քայլ, անհապաղ եւ ամբողջովին դադարեցնել մարտական գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Պան Գի Մունը նաեւ հորդորել է «ամեն գնով» խուսափել իրադրության վատթարացումից, պատրաստակամություն հայտնելով աջակցելու «ապաէսկալացմանը եւ Ուկրաինայի կայունության ու տարածքային ամբողջականության վերականգնման համար խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված բոլոր ջանքերին»: