ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը փետրվարի 13-ին իր անհանգստությունն է հայտնել Դոնբասում մարտական գործողությունների կապակցությամբ, որոնք շարունակվում են Մինսկում «նորմանդական» գագաթնաժողովի ընթացքում համաձայնագրությունների ստորագրումից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Փետրվարի 12-ին Մինսկում ավարտվել են «նորմանդական ձևաչափով» խաղաղ բանակցությունները, որոնց մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները: Ամփոփիչ փաստաթղթի վրա աշխատանքը, որը թույլ կտա նվազեցնել լարվածությունն Ուկրաինայի արևելքում, շարունակվել է շուրջ 16 ժամ: Կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, փետրվարի 15-ի զրո ժամից Դոնբասում կրակի դադարեցման շուրջ: Փետրվարի 13-ի առավոտյան ԴԺՀ-ի շտաբը հայտարարել է, որ Դոնբասում օրվա ընթացքում զոհվել է յոթ մարդ, ևս 15-ը վիրավոր վել են:

 

 

«Ես անհանգստացած եմ, որ այս առավոտ կրակը շարունակվել է: Մենք, իսկապես, սպասում ենք, որ հրադադարը կհաստատվի նախքան այն օրը, որը սահմանված է Մինսկի համաձայնություններով: Եվ, փաստորեն, մինչ այդ մենք պետք է արձանագրեինք լարվածության ու կողմերի թշնամության նվազում ու կրճատում»,-ասել է Զանիերը Կիևում կայացած մամուլի ասուլիսում:

 

 

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ի առաքելությունը պլանավորում է 350 դիտորդներ տեղաբաշխել Արևելյան Ուկրաինայում:

«Մենք խնդրելու ենք կողմերի աջակցությունը: Ձեռք բերված համաձայնություններին համապատասխան՝ նրանք մեզ պետք է տեղեկատվություն տրամադրեն: Մեզ նաև տեղեկատվություն է անհրաժեշտ այն մասին, թե ուր է տարվելու ծանր սպառազինությունը»,-ասել է գլխավոր քարտուղարը:

 

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Զանիերը նաև ընդգծել է, որ ներկայում Մինսկի համաձայնություններն Ուկրաինայի արևելքի հակամարտության կարգավորման լավագույն հնարավորությունն են, և կողմերը պետք է ամեն ինչ անեն, «որպեսզի դրանք կայանան»:

 

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: «Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կողմերը կկատարեն այն պարտավորությունները, որոնց շուրջ պայմանավորվել են Մինսկում:

 

Նա հաստատակամորեն կոչ է անում կողմերին իսկական և կայուն հրադադար ապահովել փետրվարի 15-ից, ինչը ճանապարհ կհարթի հակամարտության ավելի լայն քաղաքական կարգավորման համար»,- ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հայտարարո ւթյան մեջ: Դրանում նաև ասված է, որ ՄԱԿ-ը առաջվա պես պատրաստ է օժանդակություն ցուցաբերել հակամարտության կարգավորմանը, մասնավորապես կշարունակի մարդու իրավունքների հետ կապված իրադրության մոնիթորինգը և հումանիտար օգնություն կմատակարարի հակամարտության գոտու կարիքավորներին: