ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ավարտել է մեկօրյա աշխատանքային այցը Կիեւ, որը ձեռնարկվել էր Սլավյանսկում կազմակերպության զինվորական տեսուչների ձերբակալման կապակցությամբ: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ:
«Այցի նպատակը անձամբ տեղեկատվություն ստանալն էր երկրի իրադրության վերաբերյալ, այդ թվում՝ Սլավյանսկում ԵԱՀԿ-ի մի շարք պետությունների զինվորական տեսուչների եւ նրանց ուղեկցող ուկրաինացիների ձերբակալման մասին»,- նշվում է փաստաթղթում:
Կիեւում Զանիերը հանդիպում է ունեցել Ուկրաինայում ԵԱՀԿ-ի մի խումբ ներկայացուցիչների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականի հետ, եւ բանակցություններ վարել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Դեշչիցայի հետ հանդիպմանը ներկա են եղել ապրիլի 17-ին Ժնեւի համաձայնագրի կնքմանը մասնակցած կողմերի ներկայացուցիչները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: