ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը փետրվարի 13-ին իր անհանգստությունն Է հայտնել Դոնբասում մարտական գործողությունների կապակցությամբ, որոնք շարունակվում են Մինսկում «նորմանդական» գագաթնաժողովի ընթացքում համաձայնագրությունների ստորագրումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Փետրվարի 12-ին Մինսկում ավարտվել են «նորմանդական ձեւաչափով» խաղաղ բանակցությունները, որոնց մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաեւ Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները: Ամփոփիչ փաստաթղթի վրա աշխատանքը, որը թույլ կտա նվազեցնել լարվածությունն Ուկրաինայի արեւելքում, շարունակվել Է շուրջ 16 ժամ: Կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, փետրվարի 15-ի զրո ժամից Դոնբասում կրակի դադարեցման շուրջ: Փետրվարի 13-ի առավոտյան ԴԺՀ-ի շտաբը հայտարարել Է, որ Դոնբասում օրվա ընթացքում զոհվել Է յոթ մարդ, եւս 15-ը վիրավոր վել են:

 

«Ես անհանգստացած եմ, որ այս առավոտ կրակը շարունակվել Է: Մենք, իսկապես, սպասում ենք, որ հրադադարը կհաստատվի նախքան այն օրը, որը սահմանված Է Մինսկի համաձայնություններով: Եվ, փաստորեն, մինչ այդ մենք պետք Է արձանագրեինք լարվածության ու կողմերի թշնամության նվազում ու կրճատում»,-ասել Է Զանիերը Կիեւում կայացած մամուլի ասուլիսում:

 

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ի առաքելությունը պլանավորում Է 350 դիտորդներ տեղաբաշխել Արեւելյան Ուկրաինայում:

 

«Մենք խնդրելու ենք կողմերի աջակցությունը: Ձեռք բերված համաձայնություններին համապատասխան՝ նրանք մեզ պետք Է տեղեկատվություն տրամադրեն: Մեզ նաեւ տեղեկատվություն Է անհրաժեշտ այն մասին, թե ուր Է տարվելու ծանր սպառազինությունը»,-ասել Է գլխավոր քարտուղարը:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Զանիերը նաեւ ընդգծել Է, որ ներկայում Մինսկի համաձայնություններն Ուկրաինայի արեւելքի հակամարտության կարգավորման լավագույն հնարավորությունն են, եւ կողմերը պետք Է ամեն ինչ անեն, «որպեսզի դրանք կայանան»:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: «Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կողմերը կկատարեն այն պարտավորությունները, որոնց շուրջ պայմանավորվել են Մինսկում: Նա հաստատակամորեն կոչ է անում կողմերին իսկական եւ կայուն հրադադար ապահովել փետրվարի 15-ից, ինչը ճանապարհ կհարթի հակամարտության ավելի լայն քաղաքական կարգավորման համար»,- ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հայտարարո ւթյան մեջ: Դրանում նաեւ ասված է, որ ՄԱԿ-ը առաջվա պես պատրաստ է օժանդակություն ցուցաբերել հակամարտության կարգավորմանը, մասնավորապես կշարունակի մարդու իրավունքների հետ կապված իրադրության մոնիթորինգը եւ հումանիտար օգնություն կմատակարարի հակամարտության գոտու կարիքավորներին: