ԵԱՀԿ Մինսկի խումբը հուլիսի 23-ին պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հանդես գալ հայտարարությամբ: Այդ մասին Twitter-ի իր էջի միջոցով հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է գալիս հայտարարությամբ: Հայտարարության մեջ բռնության աճի կապակցությամբ անհանգստություն կհայտնվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' գրել է Ուորլիքը: Միաժամանակ, համանախագահը նշել է, որ մեկնել է Վիեննա` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությանը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին զեկուցելու նպատակով:

 

Հուլիսի 22-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ' Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին:

 

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Աարդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայզինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա'1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: