Արգենտինայում մեռած են գտել դատախազ Ալբերտո Նիսմանին, որն անցյալ շաբաթ երկրի նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշներին մեղադրել է 1994 թվականին հրեական մշակութային կենտրոնի դեմ ահաբեկչական գործողության հետաքննությանը խոչընդոտելու մեջ, որի հետևանքով զոհվել է 85 մարդ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Նրանց տվյալներով՝ Նիսմանի մարմինը հայտնաբերվել է Բուենոս Այրեսի հեղինակավոր շրջանի՝ նրա բնակարանում: Այժմ դատարանում Նիսմանը պետք է հիմքեր ներկայացներ պետության ղեկավարի և արտաքին գործերի նախարար Էկտոր Տիմերմանի դեմ առաջադրված մեղադրանքների համար:
Ավելի վաղ դատախազը հայտարարել էր, որ երկրի նախագահը և արտգործնախարարության ղեկավարը համաձայնության են եկել հանելու մեղադրաքներն իրանցի մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնց կասկածում են ահաբեկչական գործողության մեջ՝ «Իսլամական Հանրապետության հետ աշխարհաքաղաքական մերձեցման, լիարժեք առևտրական հարաբերությունների և «հացահատիկ՝ նավթի փոխարեն» մատակարարումների վերականգնման» նպատակով, «որպեսզի մեղմացվեն ծանր էներգետիկական ճգնաժամի հետևանքները»:
ՏԱՍՍ-ը նշում է, որ նախագահի վարչակազմի ղեկավար Անիբալ Ֆեռնանդեսը հերքել էր դատախազի մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական պատվեր: