Ուկրաինայի հարավ-արևելքում խաղաղ քաղաքացիների սպանության մեղավորները վաղ թե ուշ կկանգնեն միջզգային դատարանի առջև: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:
Այն հարցին, թե ինչու է ՔԿ-ն քրեական գործեր հարուցում Ուկրաինայում հանցագործությունների վերաբերյալ, Մարկինը ասել է. «Իսկ ի՞նչ է, ցանկանում եք, որ մենք ուղղակի նայենք այնտեղ տիրող բոլոր ոճրագործություններին: Երբ սպանում են խաղաղ քաղաքացիներին, երեխաների են առևանգում, խոշտանգումների ենթարկում ռուս լրագրողներին և այդ ամենն իրականացվում է ինչ-որ հակաահաբեկչական գործողության անվան տակ»:
Նա ընդգծել է, որ «ՌԴ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով՝ այն օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մշտապես չեն բնակվում Ռուսաստանում և ովքեր հանցագործություն են կատարել դրա սահմաններից դուրս, քրեական պատասխանատվություն են կրում, եթե հանցագործությունը ուղղված է մեր երկրի շահերի կամ քաղաքացիների դեմ»: