Թուրքիայի կառավարությունը չի կարողանում կատարել հերթական ձերբակալությունների մասին նախօրոք հայտնող բլոգերի էջը հայտնաբերելու եւ փակելու վերաբերյալ դատարանի պահանջը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայում «FuadAvni» ծածկանունով օգտատեր է հայտնվել, ով պաշտոնական տեղեկություն հրապարկվելուց առաջ Twitter-ում նախօրոք հայտնում է թուրքական կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների հեռախոսազրույցները լսելու մեջ կասկածվող անձանց ծրագրված ձերբակալությունների մասին: Թուրքական դատարանը պահանջել է փակել այդ ակաունտը: Ձերբակալության վերաբերյալ դեռեւս որոշում չընդունված' վերջինը հայտնում է, թե դատարանը կո նկրետ ում ձերբակալության մասին է որոշում հրապարակելու: Անանուն օգտատերն իր գրառումներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ է անվանում:

 

«FuadAvni» անանուն օգտատերը նախապես հայտնել էր հունվարին թուրքական դատարանների որոշմամբ ձերբակալված 20 ոստիկանների եւ 24 այլ անձանց անունները:

 

Թուրքիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ բարձրաստիճան պաշտոնյաներին «լսելու» հարցը ԱՄՆ-ում բնակվող արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի ղեկավարած ընդդիմադիր արշավի մասն է կազմում: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո Էրդողանը հայտարարել էր, որ կառավարության անդամների վերաբերյալ հրապարակված կոմպրոմատներն իր կառավարությունը տապալելու նպատակով Գյուլենի հետեւորդների գործողությունների արդյունք են: Ֆաթուլլահ Գյուլենը ժխտում է բոլոր մեղադրանքները: