Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հունվարի 21-ին Գերմանիա կատարած այցի շուրջ գերմանական մամուլի արձագանքները խոսում են այն մասին, որ գլխավորապես մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին հարցերի քննարկման պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Ալիեւի հանդիպումն անցել է խիստ լարված:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական «Deutshce Welle» թերթն իր' «Ադրբեջանի նախագահի Բեռլին այցը. միջադեպ կանցլերի նստավայրի դիմաց» հրապարակման մեջ:
Թերթն առաջին հերթին անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների ցավալի վիճակին եւ այդ երկրում քաղբանտարկյալների խնդրին:
Գերմանական թերթը գրում է, որ Ալիեւին Բեռլինում «այնքան էլ լավ չեն դիմավորել»: Հունվարի 21-ին Մերկելի նստավայր ժամանելու ժամանակ Ալիեւին դիմավորել են բողոքի ակցիայով, որը կազմակերպել էին Amnesty International, Human Rights Watch, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Ակցիայի ժամանակ նրանք հիշեցրել են Ադրբեջանում մեծ թվով քաղբանտարկյալներ եւ նվազագույնը 22 խղճի բանտարկյալներ լինելու մասին: Նրանք կոչ են արել անհապաղ բանտերից ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ընդդիմադիրներին ու իրավապաշտպաններին:
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման թեման Ալիեւին հանգիստ չի թողել նաեւ կանցլերի նստավայրում: Հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Մերկելն ընդգծել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը երկկողմանի հարաբերություններում Գերմանիայի համար կարեւոր հարցերից մեկն է: Քննարկման թեմաներից մեկն էլ հանդիսացել է Գերմանիայի կողմից աջակցվող «Հարավային գազային միջանցք» կոչված նախագիծը:
Իր խոսքում Ալիեւը փորձել է շրջանցել մարդու իրավունքների հարցը, սակայն, գերմանացի լրագրողի այն հիշեցմանը, որ մամուլի ազատության գծով Ադրբեջանը աշխարհի երկրների շարքում զբաղեցնում 160-րդ տեղը, Ալիեւն ասել է, թե ոչ «Ադրբեջանի մամուլի ազատության» վարկանիշի, ոչ էլ իր «անձնական վարկանիշի» հետ կապված խնդիր չկա»: Նա ասել է, որ Ադրբեջանի բնակչության 90 տոկոսից ավելին աջակցում է իրեն, խոսել իր ղեկավարման տարիներին երկրի տնտեսական եւ այլ «հաջողությունների» մասին: Նա նաեւ նշել է, որ, իբր, իր երկրում մարդու իրավունքների եւ մամուլի ազատության սահմանափակումներ «չկան»:
Մերկելը Ալիեւին հիշեցրել է, որ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ է, պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարական նորմերը եւ ապահովել օրենքի գերակայությունը:
«Մենք գտնում ենք, որ մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանում խնդիրներ կան: Մենք խոսել ենք նաեւ մեր կողմից քննադատության պատճառ դարձած այդ դեպքերի մասին», -ասել է Մերկելը:
Կանցլերը խոսել է Ալիեւի հետ ունեցած տարակարծությունների մասին: Նա նշել է, որ Գերմանիան շահագրգռված է իր հիմնադրամների եւ կազմակերպությունների' Ադրբեջանում վստահելի իրավական հիմքով գործողունեություն ծավալելու մեջ: «Այս հարցի հետ կապված' մեր միջեւ տարակարծություններ կան», -ընդգծել է Մերկելը:
Մերկել-Ալիեւ մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ մի միջադեպ էլ է տեղի ունեցել: Մամուլի ասուլիսի մասնակից իրավապաշտպանի գործողությունն ավելի է վատացրել Ալիեւի առանց այն էլ վատ հոգեբանական վիճակը: Ասուլիսից հետո Մերկելի հետ Ալիեւի լուսանկարվելու ժամանակ իրավապաշտպանը տեղից բարձր ձայնով Ադրբեջանի նախագահին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչն Ալիևի մոտ շփոթմունք է առաջացրել: