Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ հայկական կողմը դեռ չի նշանակել հոգեբուժական փորձաքննություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: «Այս պահին Վալերի Պերմյակովի գործով ոչ մի հոգեբուժական փորձաքննություն չունենք նշանակված: Չգիտեմ, թե ով է ռուսական կողմի աղբյուրը, սակայն մենք նման փորձաքննություն դեռ չենք անցկացրել: Արդեն անցկացվել են այլ բնույթի փորձաքննություններ, սակայն ոչ հոգեբուժական»,- ասաց Տռուզյանը:
Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը' հղում կատարելով իր անանուն աղբյուրներին, գրել էր, որ Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվող 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործի շրջանակում հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կանցկացվի: «Համատեղ քննչական գործողությունների ընթացքում նշանակվել ու անցկացվելու են մի շարք փորձաքննություններ, որոնց թվում է նաև նման հանցագործությունների դեպքում օրենքով սահմանված դատահոգեբանական փորձաքննության անցկացումը»,- գրել էÖ € «Ինտերֆաքսը»:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև' յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու ‚ փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում' դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար: