1 տարի 2 ամիս առաջ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցան կրակոցների գործով հիմնական մեղադրյալներ՝ ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին Վրաստանը դեռևս չի արտահանձնել։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Թե ինչն է պատճառը և ինչու է երկարաձգվում գործընթացը հարցին ի պատասխան՝ Աբրահամյանն ասաց․ «Այդ անձանց արտահանձնման հարցը դեռևս լուծված չէ։ Հայկական կողմի միջնորդությունը դեռևս քննարկվում է»,- նշեց նա:
Թեև իրավապահները տևական ժամանակ է՝ պայքարում են նրանց Հայաստան վերադարձնելու համար, սակայն առայժմ փորձերը, կարծես թե, ապարդյուն են անցնում:
Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 11-ին, Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել էր ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի ընկերը, ինչպես նաև սպանության փորձ էր կատարվել վերջինիս նկատմամբ։
Դեպքից հետո Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի և Ռաֆիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Սակայն Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվել էր սեպտեմբերի 22-ին՝ Կոտայքի մարզում: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետով՝ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մասով, ինչպես նաև ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը, կամ պահելը):
Այս գործով մյուս երկուսը՝ Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը, սակայն, փախել էին Վրաստան, որտեղ և հայտնաբերվել էին:
Ու թեև գործով այժմ դատարանի առաջ է կանգնել միայն Ռաֆայել Խաչատրյանը, սակայն դատական նիստերը չեն կայանում, քանի որ մեղադրյալ ի վիճակի չէ ներկայանալ դատարան, հետևաբար, չի բացառվում` առողջական վիճակը հիմք ընդունվի և դատական նիստերի քննությունը որոշ ժամանակով կասեցվի:
Սոնա Հարությունյան