«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը փետրվարի 3-ին' կհյուրընկալի «Այքոնէփս» ընկերություն համահիմնադիր և «Integrien» ընկերության հիմնադիր Ալ Եսայանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ից, նա ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին կփոխանցի ձեռնարկություններ վարելու իր 20-ամյա փորձը և կներկայացնի ոլորտի գլոբալ զարգացման միտումների վերաբերյալ իր տեսակետն ու կանխատեսումները:

 

 

Ալ Եսայանը հայազգի ճանաչված գործարար և ներդրող է: Նրա ջանքերով Հայաստանում ստեղծվել են ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ և տասնյակ աշխատատեղեր, իսկ 2010 թվականին Ալ Եսայանի հիմնադրած «Integrien» ընկերությունը ձեռք բերվեց ամպային տեխնոլոգիաների առաջատար Vmware միջազգային ընկերության կողմից, որը նախատեսում է առաջիկա 4 տարիներին 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանում:

 

Արդեն 25 տարի է, որ Ալ Եսայանը ամբողջ աշխարհում հանդես է գալիս իր դասախոսություններով՝ ոգևորելով և ոգեշնչելով հազարավոր երիտասարդների, ովքեր նպատակ ունեն իրենց ընկերությունները ստեղծել: Նա գիտի' ինչպես ճանապարհ հարթել սկսնակ բիզնեսների համար' ներգրավելով անհրաժեշտ ռեսուրսներ և գործընկերներ, ինչպես լավագույնս կիրառել ժամանակակից փորձը, և ամենակարևորը' գիտի ինչպես կամք և վճռականություն ներդնել:

 

Այս անգամ ևս նա ոչ միայն կփոխանցի ձեռներեցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողության հասնելու իր գաղտնիքները, այլև կպատասխանի մասնակիցների հարցերին' կապված ձեռներեցության, ներդրումների հայթհայթման, գլոբալ միտումների հետ, ինչպես նաև կոգեշնչի իր լսարանին ձեռնարկել նոր ու կարևոր նախաձեռնություններ:

 

Դասախոսությունը բաց է բոլոր ցանկացողների համար: Գրանցվելու համար ցանկացողներին խնդրում են ուղարկել իրենց անուն/ազգանունը, էլ. հասցեն և մասնագիտությունը հետևյալ էլ. հասցեին՝ վերնագրի տողում նշելով «Ալ Եսայանի դասխոսություն»: