Մեծ Բրիտանիայի BP ընկերությունը 2015 թվականին ամբողջ աշխարհում սառեցրել Է աշխատավարձի աճը խմբի 84 հազար աշխատակիցների համար՝ նավթի գների կտրուկ անկման պատճառով, որոնք վերջին կես տարվա ընթացքում ավելի քան կիսով չափ կրճատվել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով բրիտանական The Guardian-ին:
Ընկերության ղեկավար Ռոբերտ Դադլին BP-ի բոլոր աշխատակիցներին ծառայական գրություն Է ուղարկել, որում հաղորդվում Է աշխատավարձն անցյալ տարվա մակարդակում սառեցնելու ղեկավարության որոշման մասին՝ կապված աշխատանքի դժվարին պայմանների հետ: Փաստաթղթում չեն հիշատակվում աշխատանքի արդյունքներով պայմանավորված պարգեւավճարները:
2013 թվականի արդյունքներով՝ Դադլին 13,7 միլիոն դոլար Է ստացել ռոճիկի, տարեկան պարգեւավճարի, կուտակված հավելավճարների եւ կենսաթոշակային կուտակումների տեսքով: Նրա դրույքը բարձրացվել Է 2,8 տոկոսով՝ մինչեւ 1,8 միլիոն դոլար:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ավելի վաղ մյուս նավթային հսկաներն արդեն արձագանքել են նավթի գների անկմանը. Shell-ը, Premier Oil-ը, Statoil-ը ձեռնարկել են ծախսերի նվազեցման միջոցներ, դադարեցրել որոշ նախագծերի իրագործումը եւ կրճատել կապալառուների ծառայությունների վարձատրումը:
Հյուսիսային ծովի Brent նավթի մեկ բարելը 50 դոլարից ցածր Է վաճառվում գրեթե վեց տարվա ընթացքում առաջին անգամ: Կենտրոնական բանկերն սպասում են, որ նավթի ցածր գները կօժանդակեն ամբողջությամբ վերցված տնտեսության աճին, բայց ազդեցությունը նավթային ճյուղի վրա կլինի բացասական:
Անցյալ շաբաթ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում Դադլին հայտարարել Էր, որ նավթի գները ցածր կմնան երկու-երեք տարվա ընթացքում: