Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հունվարի 29-ին տեղի ունենավ տոնական միջոցառում: Միջոցառման կազմակերպանն աջակցել էին նաև Գյումրու քաղաքապետարանը և ՀՀ ՊՆ Շիրակի կայազորը: Մինչ միջոցառման մեկնարկը բոլոր ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների և Գյումրիում հունվարի 12-ի ողբերգության զոհ դարձած Ավետիսյանների հիշատակը:
Յուրաքանչյուր հայի համար հայոց բանակն ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ պահպանվում է խաղաղությունը: Տոնի առթիվ բոլորին շնորհավորեցին ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի պետ, գնդապետ Րաֆֆիկ Շահգելդյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղքապետ Սամվել Բալասանյանը: «Հայոց բանակը դաժան փորձություններից է դուրս եկել' իր պատմության առաջին իսկ էջերը պսակելով երևելի հաղթանակներով և ապացուցելով, որ արժանի է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը կոչվելու: Բանակը ծնվեց մեր ազգային արժանապատվությունից, ցավից, սիրուց, ազատ ապրելու մեր կամքից: Հայ ժողովուրդը բանակին տվեց ինչ ուներ, իսկ բանակն իր ժողովրդին պատասխանեց անհավանական հաղթանակներով: Պարտադրված պատերազմներում ունեցանք նաև ցավալի կորուստներ, զոհվեցին քաջորդիներ, ովքեր չխնայեցին իրենց կյանքն հանուն հայրենիքի: Այսօր մենք ունենք կայացած, մարտունակ բանակ, որը հանդիսանում է մեր պետականության կայունությանը»,-իր խոսքում նշեց ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի պետ, գնդապետ Րաֆֆիկ Շահգելդյանը:
«Հայաստանի անկախության օրվանից ի վեր, մեր երկրի ձեռքբերումներից մեկն ազգային բանակի կայացումն է, որի ակունքներում կանգնած են Արցախյան ազատագրական պայքարի տարիներին ձևավորված կամավորական ջոկատները, որոնք հետագայում դարձան Հայոց բանակի հիմնասյուները: Հայկական զինված ուժերը մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանն են: Այս տարի նշվում է եղեռնի 100-ամյա տարելիցը, կարծում եմ, չէինք ունենա այն, եթե ունենայինք կանոնավոր բանակ: Ճիշտ է, մեր ժողովուրդը կռվել է խմբերով, բայց չենք ունեցել պետական բանակ: Սա մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերում է: Բանակի նկատմամբ հոգածությունը մեծ է, և այդ հոգածությունը պետք է մեզ ուժ, կորով և եռանդ տա՝ կյանքը շարունակելու: Մեր բանակը շարունակում է փառքով պաշտպանել իր սահմանները նաև մեր օրերում, ճիշտ է, ցավալի է, որ կան նաև զոհեր: Մեր ամեն մի զինվորի կորուստը շատ մեծ կորուստ է մեզ բոլորիս համար «,-նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Հայոց բանակի ստեղծման 23-րդ տարեդարձի առթիվ և անբասիր ծառայության համար Շիրակի մարզի տարածքում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության լավագույն զինծառայողները, զինված ուժերի սպաները պարգևատրվեցին ՀՀ ՊՆ հուշամեդալներով, Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի հուշանվերներով և պատվոգրերով:
«Լինելով անկախությունը վերականգնված երկրի առաջին պետական կառույցը՝ մեր բանակը փառավոր հաղթանակ տարավ պարտադրված պատերազմում՝ դառնալով հայրենիքի սահմանների հուսալի պաշտպանը: Գոյության 23 տարում հայոց բանակը շարունակեց պատվով իրականացնել իր առաքելությունը՝ հզորանալով ու դառնալով տարածաշրջանի ամենամարտունակը»,-իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Արմենուհի Մխոյան