ՆԱՏՕ-ն մոտ ժամանակներս ակտիվ կոնսուլտացիաներ կսկսի Վրաստանում Վարժանքների միավորված կենտրոնի բացման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է հանրապետության պաշտպանությա ն նախարար Մինդիա Ջանելիձեի հետ կայացած հանդիպումից հետո:

 

«Մենք քննարկեցինք խորհրդականների հիմնական թիմի ձեւավորման ընթացքը, որոնք կհավաքվեն մի քանի ամսից եւ կսկսեն աշխատել Վարժանքների միավորված կենտրոնի ստեղծման մանրամասների վրա»,- ասել է Վերշբոուն: Նա նշել է, որ ուսումնական կենտրոնում պատարստություն կանցնեն ոչ միայն վրացի զինվորականները, այլեւ դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչները:

 

«Նախ եւ առաջ պետք է որոշվի ոչ միայն կենտրոնի գտնվելու վայրը, այլեւ նրա խնդիրները, առաքելությունն ու նպատակները, նաեւ այն, թե ինչպես կենտրոնը դարձնել ավելի արդյունավետ, քանի որ այնտեղ պատրաստություն են անցնելու Վրաստանի զինված ուժերի զինծառայողները եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինուժերի ներկայացուցիչները»,- ընդգծել է Վերշբոուն:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը երկօրյա այցով Թբիլիսի է ժամանել հունվարի 29-ին: Այցի հիմնական նպատակը Վրաստան-ՆԱՏՕ գործակցության փաթեթի իրագործման մոնիթորինգն է: Վերշբոուն արդեն հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, եվրաինտեգրացման հարցերի պետնախարար Դավիթ Բաքրաձեի, պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: