ՆԱՏՕ-ն վերահաստատում Է լիակատար աջակցությունը Վրաստանին եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման գործընթացում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն, որը հունվարի 29-ին երկօրյա այցով ժամանել Է Թբիլիսի:

 

«Ես ուրախ եմ, որ գտնվում են Վրաստանում, եւ սա եղավ իմ առաջին հանդիպումը պետնախարար Դավիթ Բաքրաձեի հետ: ՆԱՏՕ-ն մեկ անգամ եւս հավաստում Է լիակատար աջակցությունը Վրաստանին եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման գործընթացում: Վրաստանը ՆԱՏՕ-ի լավ գործընկերն Է, ISAF-ի առաքելության ամենամեծ կոնտրիբյուտորներից մեկը … Մենք ընդգծեցինք բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը»,-հայտարարել Է Վերշբոուն Բաքրաձեի հետ կայացած հանդիպումից հետո:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի այցի հիմնական նպատակը Վրաստան-ՆԱՏՕ գործակցության փաթեթի իրագործման մոնիթորինգն Է: Այցի շրջանակներում Վերշբոուն հանդիպում կունենա նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի, ինչպես նաեւ հանրապետության կառավարության այլ անդամների, ընդդիմության ներկայացուցիչների եւ պատրիարքի հետ:

 

Վերշբոուն նաեւ կայցելի Վրաստան-ՆԱՏՕ համատեղ վարժական կենտրոնի կառուցման վայր, որը նախատեսված երկկողմ գործակցության փաթեթով, եւ հանդես կգա դասախոսությամբ:

 

Դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանն աջակցող միջոցառումների փաթեթը հաստատվել Է ՆԱՏՕ-ի՝ 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ը Ուելսում կայացած գագաթնաժողովի ընթացքում: Դրա շրջանակներում նախատեսվում Է Վրաստանում բացել վարժական կենտրոն, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները: