Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը այսօր դիմավորելու է նախընտրական այցով մարզ մեկնող Սերժ Սարգսյանին և մասնակցելու է նրա նախընտրական քարոզարշավին Վանաձորում և հարակից քաղաքներում: Եթե հիշում եք, Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանն աշխատանքից զրկվեց վարչապետ Տիգրան Սարգսյանին մարզում չդիմավորելու համար: Ընդ որում, ասում էին, որ վարչապետին չդիմավորելը հրահանգել էր մեկ այլ ՀՀԿ-ական' տաշիրցի Կարեն Կարապետյանը: Երեկ «Առաջին լրատվական»-ը զրուցեց մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ' տեղեկանալու, թե ինչպես է պատրաստվում դիմավորել Սերժ Սարգսյանին մարզում:

- Պարոն Նալբանդյան, նախապատրաստական ի՞նչ աշխատանք եք ծավալում, ինչպե՞ս եք դիմավորելու Սերժ Սարգսյանին, մասնակցելո՞ւ եք քարոզարշավին:
- Բա ի՞նչ եմ անելու: Այցը սկսվելու է Ալավերդի քաղաքից, այնուհետև' Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր քաղաքային համայնքներում հանդիպումներ: Ես ինքս Լոռու մարզի նախընտրական շտաբի պետն եմ:
- Իսկ չե՞ք կարծում, որ օրենք եք խախտում, քանի որ Դուք պետական պաշտոնյա եք և չպետք է որևէ թեկնածուի քարոզարշավի մասնակցեք:
- Չեմ կարծում: Ես օրենքը չեմ խախտում, քանի որ ես ինքս գտնվում եմ արձակուրդում, այդ առումով մասնակցելու եմ ողջ քարոզարշավին:
- Սերժ Սարգսյանի քարոզարշավին մասնակցելու համար արձակո՞ւրդ եք վերցրել:
- Այո, որպեսզի օրենքը չխախտենք: Դուք մի մոռացեք, որ ես ՀՀԿ Լոռու տարածքայինի ղեկավարն եմ, և նախագահ Սերժ Սարգսյանը նաև ՀՀԿ թեկնածուն է:
- Իսկ այլ պաշտոնյաներ կա՞ն մարզպետարանում կամ քաղաքապետը, որ Ձեզ պես էլի արձակուրդ են վերցրել' Սերժ Սարգսյանի քարոզարշավին մասնակցելու համար:
- Վանաձորի քաղաքապետը շրջանային կառույցի ղեկավարն է, և ինքն էլ արձակուրդի մեջ կլինի, իսկ մնացած պաշտոնյաները, ովքեր արձակուրդի մեջ չեն, աշխատանքային ժամերին քարոզարշավին ընդհանրապես չեն մասնակցելու:
- Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ Ձեր մասնակցությունը անհավասար պայմաններ է ստեղծում թեկնածուների միջև:
- Ոչ, չեմ կարծում: Մենք բոլոր համայնքներում, բոլոր թեկնածուների համար ստեղծել ենք հավասար պայմաններ:
- Օրինակ' դահլիճներ տրամադրելո՞ւ եք մյուս թեկնածուներին:
- Միանշանակ: Դահլիճները տրամադրված են, և բոլոր համայնքները ավագանու որոշում են կայացրել դահլիճների տրամադրման, այդ թվում նաև' անվարձահատույց դահլիճների, նաև պաստառների տեղերն են ավագանու կողմից հաստատվել, էնպես որ' բոլորի համար հավասար պայմաններ են ստեղծված:
- Պարոն Նալբանդյան, հայտնի է, որ Ձեր նախորդը' Արամ Քոչարյանը, աշխատանքից ազատվեց վարչապետին չդիմավորելու համար: Հետաքրքիր է իմանալ' հիմա Դուք ինչպիսի՞ ջանքեր եք գործադրում, որ Սերժ Սարգսյանին հավուր պատշաճի դիմավորեք:
- Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ' Արամ Քոչարյանն այդ պատճառով է աշխատանքից ազատվել, թե չէ: Իմ ինֆորմացիայով' Արամ Քոչարյանն իր դիմումի համաձայն է ազատվել, իսկ ինչ վերաբերում է դիմավորելուն, բնականաբար, իհարկե դիմավորելու ենք մեր կուսակցության թեկնածուին հավուր պատշաճի:
- Իսկ կարմիր գորգ լինելո՞ւ է դիմավորման ժամանակ: Ի՞նչ հանդիսավորությամբ եք դիմավորելու:
- Դահլիճներում ներկա պահին ինչ վիճակ կա, այդ վիճակով էլ դիմավորելու ենք:
- Ասել է թե' համոզված եք, որ Ձեզ պաշտոնանկություն չի՞ սպառնում ղեկավարությանը դիմավորելու հետ կապված:
- Իսկ ով է ասում, որ բոլորն իրենց պաշտոններում ցմահ պետք է աշխատեն: Կապված դիմավորման հետ, բնականաբար չեմ կարծում, իսկ եթե կա մեկը, որ կարող է ասել, որ ինքն իր պաշտոնում հավերժ է, շփոթվում է:
- Տաշիրցի Կարեն Կարապետյանի և վարչապետի հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:
- Թե Կարեն Կարապետյանի, թե Տիգրան Սարգսյանի հետ շատ նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեմ:
- Իսկ նախկին մարզպետ Արամ Քոչարյանի հետ այժմ շփվո՞ւմ եք:
- Արամ Քոչարյանն այս պահին Մոսկվայում է, և իր հետ ընկերական հարաբերություններ կան, այո շփվում ենք:
- Բավական մեծ արտագաղթ կա ձեր մարզից, նաև Լոռին հարուստ մարզ չէ, ինչպիսի՞ն է տրամադրվածությունը ՀՀԿ թեկնածուի նկատմամբ:
- Շատ լավ են տրամադրված մեր կուսակցական թեկնածուի նկատմամբ, իսկ դրա վառ ապացույց են ամիսներ առաջ ԱԺ ընտրությունները, երբ ՀՀԿ-ն շուրջ 50 տոկոս ձայն հավաքեց:
- Իսկ ընտրակաշառք բաժանվելո՞ւ է այս ընտրություններում:
- Ոչ, նման արատավոր երևույթները մեր մարզից վաղուց արդեն բացակայում են:
- Չե՞ք կարծում, որ եթե ընտրակաշառք չբաժանեն, ՀՀԿ թեկնածուն ընտրող չի ունենա, քանի որ ընտրատեղամաս չեն գնա:
- Մեր մարզում այդպիսի արատավոր երևույթներ չկան, և առավել ևս այս ընտրություններում մտավախություն չունենք, որովհետև նախորդ ընտրություններում առանց ընտրակաշառքի նորմալ մասնակցություն է ապահովվել: Դե մի փոքր ավելի կամ պակաս, բայց ձեր թվարկած երևույթների հետ կապ չունի: