«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով' ԲՀԿ-ում որևէ ներքին ցուցում չկա նախագահի առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին կամ այլ թեկնածուի սատարելու առթիվ, սակայն ԲՀԿ փոխնախագահ, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարությունը' Սերժ Սարգսյանին սատարելու մասին երկընտրանքի առջև է կանգնեցնում մյուս ԲՀԿ-ականներին:
Ինչպես հայտնի է, բավական խմորումների արդյունքում ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ արեց և որոշեց նախագահի ընտրություններում թեկնածու չառաջադրել և չսատարել որևէ թեկնածուի: Եվ ահա, նույն կուսակցության փոխնախագահը հայտարարում է Սերժ Սարգսյանին սատարելու մասին' չենթարկվելով կուսակցության որոշմանը և անհավասար իրավիճակ ստեղծելով ԲՀԿ-ում: Ի վերջո, որքան էլ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարի, թե «Բալասանյանը որոշում է կայացրել որպես քաղաքացիե, և դա քաղաքացիական որոշում է, մյուս ԲՀԿ-ականները ևս կարող են «քաղաքացիական» կեցվածք ընդունել և իրենց մանր ու մեծ շահերով առաջնորդվելով՝ սատարել իշխանական թեկնածուին: Առավել ևս, որ ԲՀԿ-ականները միշտ սատարել են իշխանական թեկնածուին:
Այստեղ, սակայն, առկախ է մնում ԲՀԿ քաղխորհրդի որոշումը և այդ որոշման հեղինակությունը: Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարությունից հետո Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, թերևս, պետք է հրաժարվի ԲՀԿ փոխնախագահի իր պաշտոնից: Երեկ, սակայն, նրա մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը մեր հարցին՝ հնարավո՞ր է Բալասանյանը իր վերջին հայտարարությունից հետո հրաժարվի ԲՀԿ փոխնախագահի պաշտոնից, պատասխանեց. «Որևէ փոփոխություն տեղի չի ունեցել և չի ունենա»:
Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է Բալասանյանը ՀՀԿ-ական դառնա, որպեսզի ավելի ազատորեն սատարի Սերժ Սարգսյանին: Այս առթիվ Բալասանյանի խոսնակը հայտարարեց. «Ոչ, անհիմն հարց է»:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին հարցրեցինք, թե կուսակցության որոշմանը չենթարկվելու համար ԲՀԿ-ում չե՞ն պահանջելու, որ Սամվել Բալասանյանը հրաժարական տա ԲՀԿ փոխնախագահի պաշտոնից: «Բալասանյանը չի ազդել կուսակցության որոշման վրա: Բալասանյանը որպես անհատ քաղաքացի կատարել է իր ընտրությունը, թող կատարի»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է մյուս ԲՀԿ-ականներն էլ որպես քաղաքացի քաղաքացիական որոշում կայացնեն և ինչ-ինչ շահերից ելնելով՝ սատարեն իշխանական թեկնածուին, Տիգրան Ուրիխանյանը չպատասխանեց:
Ինչ վերաբերում է ԲՀԿ կառույցներին, ապա նրանք ևս հրահանգված չեն, չնայած չի բացառվում, որ ինչ-ինչ շահերից ելնելով՝ համագործակցեն իշխանական թեկնածուի շտաբների հետ:
Խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորի մարզում հաղթել էր ԲՀԿ-ն: Վայոց ձորում ԲՀԿ մարզային կառույցի ղեկավարը նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանն է: Մեր հարցին, թե ի վերջո իրենց ընտրազանգվածը ո՞ւմ է ընտրելու, ԲՀԿ-ականը պատասխանեց. «Մեր ընտրազանգվածը տարբեր մարդիկ են, տարբեր կողմնորոշումներով: Մինչ այժմ որևէ հստակություն չկա: Մարդիկ տարբեր նախասիրություններ ունեն, տարբեր կարծիքներ: Քաղաքական գործընթացների ժամանակ նրանք կկողմնորոշվեն»:
Վայոց ձորի ԲՀԿ պատասխանատուին հարցրեցինք՝ Գյումրիի քաղաքապետի հայտարարությունը կարո՞ղ է վարակիչ լինել մյուս ԲՀԿ-ականների համար, որ եթե Գյումրիի քաղաքապետին թույլատրելի է սատարել Սերժ Սարգսյանին, ապա մյուս ԲՀԿ-ականներն էլ կարող են սատարել: «Քաղաքապետն իր անձնական կարծիքն է հայտնել: Որևէ մեկի հետ դա կապ չունի, որևէ մեկի վրա ազդեցություն չի կարող ունենալ: ԲՀԿ-ն կոնկրետ որոշում ունի չառաջադրել և չսատարել որևէ մեկին: Եթե Գյումրիի քաղաքապետն այլ կարծիք ունի, դա իր անձնական կարծիքն է»,- ասաց ԲՀԿ պատասխանատուն: Մեր դիտարկմանը, թե Գյումրիի քաղաքապետը նաև ԲՀԿ փոխնախագահն է, ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը՝ հակադարձեց. «ԲՀԿ որոշումը ցանկացած փոխնախագահից բարձր որոշում է»:
Սերգեյ Բագրատյանի խոսքով, իրենց ընտրական հանձնաժողովների անդամները առաջնորդվելու են կուսակցության որոշմամբ: Հետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու ԲՀԿ-ականների հետ, եթե այնուամենայնիվ ԲՀԿ-ականներ գտնվեն, որ չառաջնորդվեն կուսակցության որոշմամբ ու որոշեն սատարել իշխանության թեկնածուին: «Մեր տարածքում չկա մարդ, որ կուսակցության որոշմանը չենթարկվի: ...Շահերը կոորդինացված են կուսակցության որոշման մեջ, եթե այլ շահեր կային, մինչև որոշում ընդունելը պետք է արտահայտված լինեին: Կուսակցության որոշումից հետո շահեր չեն կարող հետապնդել»,- հայտարարեց ԲՀԿ-ականը: Մեր հստակեցմանը, թե եթե նման դեպքեր լինեն, մարզային կառույցը որևէ պատժամիջոց կիրառելո՞ւ է, Սերգեյ Բագրատյանը հայտարարեց. «Անհնար է, որ շեղվի: Որևէ մեկը չի կարող շեղվել»: