Քիչ առաջ Aravot.am-ին էին դիմել Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից աշխատանքից հեռացված մի քանի հոգի' տեղեկացնելով, որ իրենք մոտակա օրերին գնալու են Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի մոտ ու ցուցադրաբար հրաժարվելու են կուսակցության անդամատոսերից: Այս պահին նրանք խնդրեցին չհրապարակել իրենց անուն-ազգանունները' խոստանալով այդ արարողությանը հրավիրել նաև Aravot.am-ին:

Այժմ արդեն գործազուրկ դարձած աշխատակիցներն իրենց այս մտադրությունը պարզաբանեցին հետևյալ կերպ. «Սամվել Բալասանյանը, որը ոչ թե ընտրվեց, այլ նշանակվեց Սերժ Սարգսյանի կողմից, նրան երախտապարտ լինելու փոխարեն, չհարգեց հենց նույն ՀՀԿ-ականներին: Հիմա մենք կհրաժարվենք ՀՀԿ անդամ լինելուց, որովհետև տեսանք, որ իշխող կուսակցությունը անզոր է պաշտպանել իր անդամներին, փաստացի ԲՀԿ-ն ավելի զորեղ է, որ կարողանում է ՀՀԿ-ականներին ազատել տալ առանց լուրջ հիմնավորումների»:

Նշենք, որ խոսքը տվյալ պահին վերաբերում է Վարդան Ղուկասյանի օրոք աշխատած ու ՀՀԿ-ական դարձած կադրերին, որոնց, սակայն , քաղաքապետ Սամվել Բալասանյանը ազատեց աշխատանքից տարբեր պատճառաբանություններով:

Այս թեմայի շուրջ ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի պարզաբանումները կհրապարակենք քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ