Գյումրիի քաղաքապետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը, ով այսօր նույնպես նախագահին ուղեկցողների շարքում էր, Tert.am–ի հետ զրույցում խոստովանում է, որ ինքը քաղաքի շահը գերադասում է կուսակցության շահից։ «Քաղաքի շահը ես բարձր եմ դասում կուսակցության շահից, մեր քաղաքը շատ վատ վիճակում է, և այս խնդիրները պետք է լուծել, իսկ այդ ծրագրերը կարող է կատարել միայն Սերժ Սարգսյանը»,–ասաց քաղաքապետը։

Նա նշեց, որ ինքը կուսակցության հետ ոչ մի խնդիր չի ունեցել, երբ որոշում է կայացրել, որ առաջիկա նախագահական ընտրություններին սատարելու է Սերժ Սարգսյանին։ «Ինչու համար պետք է խնդիր լինի։ Սերժ Սարգսյանը քաղաքի համար շատ–շատ բաներ է արել և անելու է, շատ ծրագրեր ունենք, դեռ մենք անoթևաններ ունենք, ինչի՞ մասին է խոսքը։ Ես ասել եմ և հստակ էլ անելու եմ, հայտարարել եմ, որ շատ գործեր են արել ու դեռ անելու ենք»,– ասաց նա, հիշեցնելով, որ միայն 3200 բնակարան Սերժ Սարգսյանի առաջ քաշած ծրագրով կառուցվեց։ «Դեռ վարչապետ էր, որ ասեց պիտի կառուցենք և կառուցեց»,– ասաց նա։

Սամվել Բալասանյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե հնարավոր է քաղաքապետը կուսակցությունը փոխի և դառնա Հանրապետական։ Հարցի պահին արդեն Սերժ Սարգսյանը, ով այսօր Գյումրիում պետք է հանդիպեր իր ընտրողների հետ, մոտենում էր հրապարակում տեղադրված բեմին, և Բալասանյանը պետք է ուղեկցեր նրան, ուստի հարցը լսելուց հետո զրույցն ավարտված համարեց։