Չնայած այն հանգամանքին, որ ամեն առիթի դեպքում եւ ավագանու նիստերին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շարունակում է հայտարարություններ անել, թե ձերբազատվելու է իր նախորդի՝ Վարդան Ղուկասյանի թողած կադրային ժառանգությունից եւ աշխատելու է նոր ոճով, բայցեւայնպես շատ հարցերում նա շարունակում է կրկնել Վարդան Ղուկասյանին եւ աշխատել նույն ձեռագրով:

«Հետո էլ ասում են՝ ապահով Հայաստան, ոչ մի բան չի փոխվել, նույն Ղուկասյանի ժամանակների «տրյուկներն» են անում, գնում ես մի հատ տեղեկանքի հետեւից՝ սովորական տեղեկանք, որ պտի տան, Գյումրիում գրանցվա՞ծ ես, թե՞ չէ՝ թոշակի, նպաստի համար, պարտադրում են տարբեր վճարումներ անել, է՛լ գազի կտրոն, է՛լ էլեկտրաէներգիայի, է՛լ աղբի վարձ են պահանջում, հողի, գույքի հարկերի վճարման կտրոններ...ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ»,- դժգոհեց նպաստառու Սուսաննա Առաքելյանը:

Նմանատիպ դժգոհություններ ստացել ենք նաեւ ավտոմեքենատերերից, ովքեր տեխզննման կտրոն հանելու համար դիմել են Գյումրու քաղաքապետարան եւ տեղեկանք պահանջել՝ գույքահարկի զրոյացման վերաբերյալ: «Հասկացանք, որ զրոյական են ասում, բայց ես ավտոմեքենայի համար պարտքերս զրոյացրել եմ, ի՞նչ կապ ունի ավտոմեքնաս աղբի հետ, կամ հողի հարկի»: Ընդ որում, Գյումրու քաղաքապետարանը մերժումը եւս գրավոր չի տրամադում, ինչպես օրենքն է պահանջում: Այսպես, բոլոր քաղաքացիներին քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի պետ Համիկ Փափազյանը, ով ի դեպ Ղուկասյանի օրոք աշխատող կադրերից է, բացատրում է, որ պահանջված փաստաթուղթը չեն ստանա, մինչեւ չվճարեն բոլոր տեսակի մնացած հարկերը: «Ինձ գրավոր չեն պատասխանում, որովհետեւ պատասխանելու բան չունեն, բա հո չե՞ն գրելու' հարգելի վարորդ, ձեր աղբի փողը չեք տվել...»,- դժգոհեց Արման Գրիգորյանը, ապա շարունակեց. «Դրանք տարբեր հարցեր են, աղբը կապ չունի մեքենայիս հետ, աղբի փողը չեմ տվել, թող դատի տան, ես էլ հակափաստարկ կբերեմ, օրինակ կասեմ, որ Նոր տարվա օրերին 7 օր աղբ չէիք հավաքում, դժգոհ եմ ծառայությունից, էդքան փող չեմ տա..., ոչ թե աղբ են մուծել տալիս, որ մեքենայի համար տեղեկանք տամ, այ մարդ, ուզում եմ ճիշտ հասկանանք, էդ աղբը իմն է, ընտանիքինս է, բայց մեքենայինս չէ..., խնդիրները տարբեր են»:

Հիշեցնենք, որ այս ձեռագրով աշխատում եւ գումարներ էր հավաքագրում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Քաղաքացիները բազմիցս դժգոհել են, որ մեկ տեղեկանք վերցնելու եւ սոցծառայություններին ներկայացնելու համար պահանջել են հարկեր վճարել: «Այն ժամանակ էլ գնում էինք, «դավթարները» բացում, դեմներս էին դնում, բայց որ էդ պարտքերը չտայինք, մի երկու հազար իրանց գրպանն էինք դնում ու վերջ...»,- պատմում է նպաստառու կինը:

Galatv.am-ը խնդրի վերաբերյալ մանրամասներ փորձեց ճշտել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի երկու տեղակալներից: Փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին, ով նաեւ մասնագիտությամբ իրավաբան է, խնդրեցինք մեկնաբանել եւ բացատրել, թե ինչ կապ ունեն մեքենայի կամ բնակության վայրի համար տրվող տեղեկանքները, ասենք, աղբավճարի հետ: «Բացարձակապես ոչ մի կապ չի կարող ունենալ, դա մեր ձեռագիրը չէ, մենք այդպես չենք աշխատել եւ չենք աշխատելու, կարող է թյուրիմացություն է տեղի ունեցել, ոչ մի կապ չկա, եւ դա սխալ է»,-ասաց Գուրգեն Մալխասյանը:

Սամվել Բալասանյանի մյուս տեղակալը՝ Ռուբեն Սանոյանը, եւս անընդունելի համարեց նման աշխատաոճը՝ փորձելով իրավիճակին տալ հետեւյալ բացատրությունը. «Ես հասկանում եմ նաեւ էդ բաժնի աշխատողներին, իրանք հարկ չեն կարող հավաքել, գնում են տները, դռները փակ է լինում, եւ ստիպված այդ քայլին են դիմում, հարկերն էլ պտի մի կերպ հավաքեն, չէ՞, բայց էլի եմ ասում' սխալ է էդ ոճով աշխատելը, այդպես չենք աշխատելու»:

Քրիստինա Մկրտչյան