Բալասանյան-Ղուկասյան վերջին փոխհրաձգությունից հետո Գյումրիում վիճակը խիստ լարված էր, և բոլորը սպասում էին, թե ինչպես կողմերը խոսքից կանցնեն գործի: Սակայն բոլորի համար անսպասելի «անկեղծ» հայտարարությամբ հանդես եկավ երիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և գյումրեցիների համար անսպասելի շատ քաղաքակիրթ կոչով հանդես եկավ:
Գյումրեցիների զարմանքը հատկապես հարուցեց այն, որ Գրիգորյանն ու իր ընտանիքը մշտապես եղել են կրիմինալ պատմությունների կենտրոնում և հատկապես սուր էին նրա ու Վարդան Ղուկասյանի բանավեճերը, որի ընթացքում գործը հասնում էր միմյանց հանդեպ անբարո խոսքերի: Գյումրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն' եթե Սամվել Բալասանյանը ստիպված եղավ չպատասխանել Մարտուն Գրիգորյանի կողմից հնչեցված վերջին հայտարարություններին, քանզի հանդիսանում են նույն կուսակցության՝ ԲՀԿ անդամ, ապա Վարդան Ղուկասյանի շրջապատում Մարտուն Գրիգորյանի հասցեին կոպիտ խոսքերի պակաս չի զգացվում: Մասնավորապես Ղուկասյանի թիմակիցներից մեկը Մարտունիկին անվանել էր լակոտ, ով իրավունք չունի Ղուկասյանին դաս տալու:
Գյումրիում գերիշխում է այն կարծիքը, որ Մարտուն Գրիգորյանը փորձում է օգտագործել Բալասանյան-Ղուկասյան հակամարտությունը և հասնել իր բաղձալի երազանքին' դառնալ Գյումրու քաղաքապետ: