Շիրակի մարզում ՀՀԿ թեկնածուի նախընտրական քարոզչության աշխատանքներն իրականացնելու համար բացվել է 121 նախընտրական շտաբ, որից 16-ը' Գյումրիում: ԳԱԼԱ-ը արդեն մի քանի օր ահազանգեր է ստանում Գյումրիում գործող տարբեր հաստատություններից ու բուհերից, որ սկսվել է անձնագրերի պատճենների հավաքման գործընթաց, եւ որ դա արվում է ՀՀԿ թեկնածուի համար աշխատողների կողմից: Ներկայացնում ենք galatv.am-ի հարցարզրույցը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, Սերժ Սարգսյանի' Գյումրու նախընտրական շտաբի պատասխանատու Սահակ Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, արդեն մի քանի օր ահազանգեր ենք ստանում, որ ՀՀԿ թեկնածուի օգտնի աշխատողները անձնագրերի պատճեններ են հավաքում: Տեղյա՞կ եք՝ ինչի համար է արվում:
- Շատ լավ պատկերացնում ենք, որ անձնագիր հավաքելը, ըստ էության, աբսուրդ է, կամ դա արվում է այլ քաղաքական ուժի կողմից: Քանի որ ՀՀԿ-ում անձնագիր հավաքելու իմաստ չկա ոչ մի պարագայում:
-Այսինքն, ո՞ր պարագայում, ուղղակի ուզում եք ասել, որ անհրաժեշտություն չկա՞, Դո՞ւք էլ եք համոզված, որ Ձեր թեկնածուն ֆավորիտ է Շիրակի մարզում:
-Բացի համոզված լինելուց, որպես իշխող կուսակցության մարզային կառույցի ղեկավար՝ առաջնահերթությունների մեջ իմ աշխատանքի տեսնում եմ նաեւ այն միտքը, որ պարտավոր եմ իմ թիմով անել այն ամենը, որպեսզի ընտրական գործընթացը, ընտրական կոմպանիան լինի նախադեպը չունեցող օրինականության մեջ:
-Պարոն Մինասյան, ՀՀԿ-ի տարբեր գործիչներ մեկ անգամ չէ, որ հայտարարել են իրենց թեկնածուի՝ բացարձակ առաջատար լինելու համոզման մասին, Շիրակի մարզը, Գյումրին, բազմիցս ընտրական գործընթացներում ցույց են տվել անկանխատեսելի լինելու մասին եւ այն, որ իսկապես ռիսկային է...Օրինակ 2008-ին էլ ոչ ոք չէր կանխատեսի, որ ՕԵԿ առաջնորդը այդ չափով ձայներ կտաներ Գյումրուց, կամ ինչ եղավ 2012-ի մայիսյան խորհրդարանական ընտրություններում...
-2008-ին ՀՀ գործող նախագահը՝ Սերժ Սարգսյանը, բացի Գյումրի քաղաքից, մարզի մյուս տարածաշրջաններում հաղթանակ է տարել: Գյումրի քաղաքում էլ է հաղթել՝ ոչ ձայների այնպիսի տարբերությամբ, ինչպես մարզի գյուղերում, բայց հաղթել է: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարզի տարածքում ընդհանուր հանրապետականը հաղթել է: Գյումրիում զիջել է ԲՀԿ-ին: Իսկ ԱԺ լրացուցիչ ընտրությունների ժամանակ, որը միանշանակ մեկ քայլ առաջ էր իր որակով, իր թափանցիկությամբ եւ ընտրական տեխնոլոգիաների որակով, մեր կուսակցության ներկայացուցիչը տարել է 80-20 տոկոս հարաբերությամբ հաղթանակ:
-Պարոն Մինասյան, մի քանի օր առաջ Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետը հայտարարեց, որ սատարելու է եւ աշխատելու է Սերժ Սարգսյանի օգտին: Ինչպես նաեւ թիվ 33 ԸԸՀ ԲՀԿ պատասխանատուն, ով Գյումրիում գործող ամենամեծ բուհի՝ մանկավարժական ինստիտուտի ռեկտորն է, հայտարարեց, որ ինքն էլ կընտրի Սերժ Սարգսյանի ծրագիրը...
-Ասեմ հետեւյալը՝ մեր թեկնածուն, մեր կուսակցության ղեկավարը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, ՀՀԿ-ի սեփական պոտենցիալի գաղափարական ներուժի հենքի վրա, եւ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչների սատարելու կամ չսատարելու փաստը վճռորոշ չի կարող լինել: Այնպես որ, ձեր թվարկած անձինք, եթե կամենում են մեր թեկնածուին աջակցել, այն ընդունում ենք սիրով եւ հաստատակամ ենք, որ կաշխատենք միասին:
Քրիստինա Մկրտչյան