Հայկական ժամանակ օրաթերթը օրերս տեղեկություն հրապարակեց, որ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կառուցած «Դալմա գարդեն մոլ» առեւտրի կենտրոնի տարածքում պետք է տեղակայվեր ֆրանսիական աշխարհահռչակ «Կարֆուր» բրենդը: «Կարֆուրը» հիպերմարկետների աշխարհահռչակ ցանց է, որն ունի տարեկան մոտ 100 միլիարդ դոլարի շրջանառություն: Դա Հայաստանի պետական բյուջեի մոտ 30-ապատիկն է: Դրանով թերեւս մեկնաբանությունները դառնում են ավելորդ, թե Հայաստանի համար ինչ կնշանակեր այդ բրենդի մուտքը երկիր:
«Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչով է կարևոր «Կարֆուրի» բացվել-չբացվելու պատմությունը, պարզաբանենք, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ապրանքանիշը: «Կարֆուրն» իր տեսակի մեջ երկրորդն է աշխարհում: Տարբեր երկրներ ում սա ունի ավելի քան 15 հազար առևտրական կենտրոն: Դրանցում աշխատում է ավելի քան 400 հազար մարդ, իսկ տարեկան հասույթը կազմում է մոտ 100 միլիարդ եվրո: Եվ ուրեմն, այս հսկայական ընկերության մտադրությունը' մեր երկրում գործունեություն ծավալելու առումով, արդեն իսկ ուշագրավ է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի մոտ 50 տարվա բյուջեի չափ տարեկան շրջանառություն ունեցող «Կարֆուրը» լուրջ, չափազանց լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մեր օլիգարխների համար: Խնդիրն այն է, որ «Կարֆուրը» հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը, իսկ տեղական արտադրողներից ապրանքներ վերցնելիս' չափազանց բծախնդիր է դրանց որակի և գնի նկատմամբ», գրում է «Հայկական ժամանակը»:
Օլիգարխիան, որոշակի ժամանակահատվածում լինելով Հայաստանի տնտեսության վերականգնման մեխանիզմներից մեկը, իհարկե, ամենեւին ոչ ամենաարդյունավետը, ժամանակի ընթացքում պարզապես վերածվել է բարձի, որ դրված է Հայաստանի քթին եւ արգելակում է շնչառությունը, խեղդելով պետությունը:
Արտաքին ներդրումները Հայաստանի համար անհրաժեշտ են օդի պես: Բայց, դրանք բացի զուտ տնտեսական մուլտիպլիկացիայից, կարեւոր են նաեւ համակարգային իմաստով: Արտաքին ներդրումները, այն էլ համաշխարհային հեղինակավոր բրենդների մուտքը Հայաստան, կարող է հանդիսանալ Հայաստանի օլիգոպոլ եւ մոնոպոլ տնտեսության կազմաքանդման կարեւոր գործիք: Այդ տնտեսությունը կամ պետք է կազմաքանդվի այսպես ասած հեղափոխական մակարդակով, կամ պետք է տեղի ունենա յուրօրինակ «զուգահեռ տնտեսության» կառուցում: Խոսքն իհարկե իրավական այլ տնտեսական հարթության մասին չէ, այլ պարզապես մշակույթի եւ մտածողության, գործունեության այլ չափանիշների ու որակների կրող բիզնեսի զուգահեռ ներդրման:
Համաշխարհային բրեդներն այդ տեսանկյունից կարեւոր են նաեւ իրենց հզորության առումով: Այսինքն, հայկական օլիգարխիան, դրանց մուտքի պարագայում, անզոր կլինի իր համար «ավանդական» մեթոդներով կանխարգելել դրանց գործունեությունը, ինչպես անում են նվազ հայտնի գործարարների դեպքում: Նաեւ շատ դժվար կլինի այդ բրենդներին ծուղակը գցել՝ նախ գործակցելով նրանց հետ, իսկ հետո պարզապես «քցելով», ինչպես օրինակ շատ սփյուռքահայ եւ արտասահմանցի «անհայտ» ներդրողների պարագայում է եղել:
Եթե «Կարֆուրն» օրինակ գար Հայաստան, ապա կասկած չկա, որ դա հիմնարար հանգամանք էր լինելու Հայաստանի տնտեսական ստատուս քվոյի որակական փոփոխության համար՝ համակարգային միջնաժամկետ եւ երկարաժամկետ էֆեկտով: Եվ եթե «Կարֆուրն» օրինակ մտներ Հայաստան, ապա բնականաբար օլիգարխիան այլեւս անզոր կլիներ դրա դեմ: Հետեւաբար, պարզ է, թե ինչու են օլիգարխներն ամեն ինչ արել, որ «Կարֆուրը» Հայաստան չմտնի:
Դժվար չէ նաեւ ենթադրել, թե ովքեր կարող են լինել այդ օլիգարխները: Պարզ է, որ կարող են լինել նրանք, ովքեր ներկայում Հայաստանում ունեն խոշոր առեւտրային ցանցեր եւ հանդիսանում են առաջատարներն այդ ոլորտում: Համաշխարհային բրենդի մուտքը առաջին հերթին հարված էր ներկրումների, մանրածախ ու մեծածախ առեւտրի ոլորտում հենց նրանց օլիգոպոլիաներին եւ մոնոպոլիաներին:
«Կարֆուրի» դեպքում ատրճանակն էլ նրանցից որեւէ մեկին չէր օգնի, ինչպես օգնեց օրինակ տարիներ առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի դեպքում, ով մի քանի ամիս աշխատելով, կամ ավելի ճիշտ չկարողանալով աշխատել, ստիպված էր օլիգարխական սպառնալիքների ներքո հրաժարականի դիմում ներկայացնել:
Այստեղ իհարկե առավել էական է դառնում իշխանության դիրքորոշումը: Մասնավորապես, հիշարժան է բոորովին վերջերս Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցը: Նա այդ երկրում հավաստիացնում էր ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում ներդրումների լավ միջավայր է, եւ հորդորում էր նրանց ներդրում կատարել Հայաստանում: «Կարֆուրը» ֆրանսիական հայտնի բրենդ է, եւ այստեղ այդ օրինակը դառնում է առավել խորհրդանշական: «Կարֆուրի» պատմությունը դառնում է առավել խոսուն, քան Հայաստանի տնտեսական միջավայրի գրավչության մասին Սերժ Սարգսյանի նկարագրությունները:
Կգա՞ «Կարֆուրը» Հայաստան, արտերկրի ներդրողները, մասնավորապես ֆրանսիացի գործարարները, կհամոզվե՞ն, որ Հայաստան կարելի է գալ ու ներդրում կատարել: Չի՞ գա «Կարֆուրը» Հայաստան՝ որովհետեւ չեն ուզում ինչ որ օլիգարխներ, այդ դեպքում Սերժ Սարգսյանի խոսքը ֆրանսիացի ներդրողների համար դառնում է բացարձակապես իմաստազուրկ, առավել եւս, երբ «Կարֆուրը» ոչ թե պարզապես չի գալիս, այլ չի գալիս՝ գալու մասին նախապես կարծես թե պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո: Արտերկրի որեւէ գործարար պարզապես կմտածի, որ եթե «Կարֆուրի» պես համաշխարհային գիգանտի մուտքն են կարողանում արգելել ինչ որ օլիգարխներ՝ կամ «Կարֆուրի» համեմատ օլիգարխիկներ, ապա պարզ է, թե իրենց ինչ «լուսավոր» հեռանկարներ են սպասում Հայաստանում: