Լատինական Ամերիկայի մի քանի երկրներում ամենառեյտինգային հեռուստաընկերությունների prime time-ն արդեն տեւական ժամանակ նվիրված է թուրքական «Արաբական գիշեր» հեռուստասերիալին, որի հիմքում արաբական հայտնի «Հազար ու մեկ գիշեր» առասպելն է: Բացի նրանից, որ Թուրքիան իրենով է արել արաբական ժողովուրդների առասպելը, այն նաեւ ծպտյալ քարոզչություն է իրականացնում: Ժամանակակից բազմասերիանոց ֆիլմը ներկայացնում է Թուրքիան, «թուրքական մշակույթը», «պատմությունը» եւ իբր` ներկայիս «դեմոկրատական» կարգերը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' սերիալի ցուցադրությունը հարուցել է Լատինական Ամերիկայի երկրներում ապրող հայության դժգոհությանը: «Սա մի փորձ է ներխուժելու այն երկրները, որտեղ հայկական համայնքն ուժեղ է եւ փորձելու տարատեսակ միջոցներով տեղի հասարակության վերաբերմունքը փոխել դեպի Թուրքիան եւ նրա պատմությունը»,- ասված է Լատինական Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ:

 

Հանձնախումբը մտահոգիչ է համարում հանգամանքը, որ տեղական ամսագրերը, հաղորդումները շատ հաճախ են անդրադարձ կատարում այդ վիճահարույց սերիալին եւ խեղաթյուրում իրականությունը:

 

Հայ դատի գրասենյակից սերիալի ցուցադրման առնչությամբ տարածել են հայտարարություն' շեշտելով, որ իրական Թուրքիան այլ է եւ որեւէ առնչություն չունի սերիալի բովանդակության հետ: «Իրական Թուրքիայում իշխանությունը Թաքսիմի հրապարակում հավաքված բազմության դեմ ռեպրեսիաներ է իրականացնում, իրական Թուրքիան աշխարհում առաջատար է ձերբակալված լրագրողների թվով, այդ երկրում փակ են facebook-ն ու Twitter-ը, խոսքի ազատությունը եւ մարդու իրավունքը ոտնահարվում է: Իրական Թուրքիայում այդ երկրի ազգային փոքրամասնությունները մշտապես ճնշված վիճակում են»,- աս ված է կազմակերպության հայտարարության մեջ:

 

Հայ դատից շեշտում են, որ սերիալն արդեն տարակարծությունների տեղիք է տվել ոչ միայն հայերի, այլեւ Լատինական Ամերիկայում ապրող քաղաքացիների մոտ: Հայ դատի գրասենյակում համոզված են, որ սերիալի ցուցադրությունն ու թուրքական մշակույթի շուրջ բարձրացված աղմուկը հատուկ ծրագրված է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների կողմից, ովքեր ամեն կերպ ցանկանում են ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացման վրա եւ շեղել միջազգային հանրության ուշադրությունն այդ ողբերգական տարեթվից: Այդ նպատակով անգամ նրանք զավեշտալի մի միջոցառում են կազմակերպելու հենց ապրիլի 24-ին տոնելով Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի օրը, օր, որ նախորդ 99 տարիներին երբեք չի նշվել ապրիլի 24-ին:

 

Այս առումով ՀՅԴ հայ դատից նշում են, որ ոչ միայն այդ երկրում ապրող ազգային փոքրամասնություններն են Էրդողանի զոհերը, այլեւ հենց ազգությամբ թուրքերն են զոհ գնում այդ քաղաքականությանը: «Բացի նրանից, որ ոտնահարվում են այդ երկրի քաղաքացիների անգամ տարրական իրավունքները, նրանք տասնյակ տարիներ զրկված են եղել սեփական պատմությունն իմանալու իրավունքից: Հերքելով եւ ժխտելով Հայոց ցեղասպանու թյունը Թուրքիայի կառավարությունը նաեւ սեփական ժողովրդին է վնաս հասցնում»,- վստահ են ՀՅԴ Հայ դատի գրասենյակում:

 

Հասկանալով, որ սերիալի ցուցադրությունն առաջին հերթին բիզնես ծրագիր է եւ դրանով է պայմանավորված տեղական հեռուստաընկերությունների եւ մամուլի այդչափ ծավալուն անդրադարձերը Թուրքիային եւ նրա կեղծ պատմությանը, Արգենտինայի հայ համայնքում կարծում են, որ սերիալի ցուցադրությունը պետք է դադարեցվի: