Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ երկրում ցորենի ցանքատարածությունները 10,6 տոկոսով կրճատվել են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով minval.az լրատվական կայքը, անցյալ տարի ոչ բարենպաստ եղանակային եւ կլիմայական պայմանների պատճառով աշնանացանի ցանքատարածությունների 55,7 տոկոսը ոչնչացվել էր: Նվազել է հացաբույսերի եւ այլ գյուղատնտեսական բույսերի բերքատվությունը:

 

Գործերը վատ են նաեւ այս տարի: 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ, հացաբույսերի կուլտուրաներ ցանվել են, անցյալ տարվա համեմատ, 10,6 տոկոսով քիչ:

 

Փորձագետների կարծիքով' եթե ֆերմերներին չհաջողվի լավ բերք ստանալ ընթացիկ տարում եւս, ցորենի ներկրումից Ադրբեջանի կախվածությունը կմեծանա դարձյալ մի քանի տոկոսով:

 

Ադրբեջանում ցորենի պահանջարկի ծավալը գնահատվում է 3,8-4,0 մլն տ: Պաշտոնական տվյալներով' Ադրբեջանի պահանջարկի 40 տոկոսը բավարարվում է ներկրման հաշվին: