ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներ Մարկ Հորթոնի, Ֆրանցիսկո Պարոդի և Թերեզա Սանչեսի հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ բնագավառի ռազմավարությունը, մասնավորապես' էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

 

 

Նախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանն ավարտում է «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայր» հիմնադրամին անդամակցության գործընթացը, ինչը հնարավորություն կտա իրականացնել կարևոր ծրագրեր՝ էներգաարդյունավետության բնագավառում:

 

 

Երվանդ Զախարյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է նաև, որ փետրվարի 5-ին, Մոսկվայում ստորագրվել է «ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանասավորման համար Հայաստանի կառավարությանը արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, համաձայն որի' ռուսական կողմը կտրամադրի 270 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկ ու 30մլն ԱՄՆ դոլար դրամանաշնորհ. այդ միջոցները կուղղվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը:

 

 

Երվանդ Զախարյանը նշել է նաև, որ Հայաստանի էներգահամարգի համար կարևոր նշանակություն ունի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը, որի համաձայն նախատեսվում է այդ աշխատանքները սկսել 2018 թվականին, այնպես, որ նոր էներգաբլոկը շահագործման հանձնվի 2027 թվականին: