Սիրիայի եւ Իրաքի զավթած տարածքներում «Իսլամական պետություն/խալիֆայություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը վերջին շրջանում կրած իր պարտությունների համար մեղավոր է համարում Թուրքիային եւ այդ երկրի վրա հարձակման ծրագիր է մշակում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Վաթան» թերթը:
Թերթը գրում է, որ Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքն ԻԼԻՊ-ի բռնազավթումից ազատագրվելուց հետո հակամարտող ուժերի միջեւ «ռազմավարական հավասարակշռություն» եւ «դյուրաբեկ ժամանակներ» են, ինչը խոսում է այն մասին, որ կարող են նոր գործընթացներ սկսվել, որոնցից մեկն էլ, ամենայն հավանականությամբ, իր պարտությունների համար Անկարային մեղավոր համարող ԻԼԻՊ-ի' Թուրքիայի վրա հարձակման հավանականությունն է:
Ըստ թերթի, Թուրքիայի վրա ԻԼԻՊ-ի զայրանալու պատճառն այն է, որ Քոբանիում կրած պարտությունն այդ ահաբեկչական կազմակերպությունը կապում է իրաքյան Քրդստանի փեշմերգաներին (ազգային բանակ) այդ երկրի տարածքով Սիրիա մտնելու թույլտվության հետ:
«Այդ պատճառով ԻԼԻՊ-ը կարող է անակնկալ կերպով հարձակումներ կատարել Թուրքիայի վրա, որը Սիրիայի հետ 900 կմ երկարությամբ սահման ունի, եւ այդ սահմանին Սիրիայի կենտրոնական կառավարությունը վերահսկող ուժեր չունի: Թուրքիա-Սիրիա սահմանը վերահսկում են Ազատ Սիրիայի բանակը, ԻԼԻՊ-ը եւ սիրիաբնակ քրդերի Դեմոկրատական միասնություն կուսակցության (PYG) ուժերը», -գրել է թերթը:
Թերթը Թուրքիայի կառավարությանը խորհուրդ է տալիս առանց հապաղելու Սիրիայի սահմանին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ԻԼԻՊ-ի հնարավոր հարձակումների դեմ: