Ադրբեջանը տալասեմիայի' արյան լուրջ հիվանդության բարձր մակարդակով տարածված երկրների շարքում է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, նշված է Ադրբեջանի նախագահի' «2015-2020 թթ. տալասեմիայի դեմ պայքարի պետական ծրագրի մասին» հանձնարարականում:

 

Նշվում է, որ Ադրբեջանում մոտ 800 հազար մարդ հանդիսանում են տալասեմիայի գենի կրողներ, եւ ամեն տարի այդ երկրում տալասեմիայով հիվանդ 200-ից ավելի երեխաներ են ծնվում:

 

Ադրբեջանի առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման բաժնի գլխավոր խորհրդական Դադաշ Հումբաթովը լրագրողներին հայտնել է, որ ներկայում Ադրբեջանում մոտ 3000 տալասեմիայով հիվանդներ կան:

 

Տալասեմիայի գեն կրողների ամուսնությունից հիվանդ երեխա ծնվելու հավանականությունը կազմում է 25 տոկոս: Հավանականությունը, որ երեխան տալասեմիայի գեն կկրի, կազմում է 50 տոկոս:

 

Նրա խոսքով' դա կանխելու համար անհրաժեշտ է գենետիկական հետազոտություն ենթարկել ընտանիք կազմել ցանկացած երիտասարդներին:

 

Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման կլինիկական ինստիտուտի գլխավոր բժիշկ Իսքենդեր Բաղիրովը հայտնել է, որ Ադրբեջանում յուրաքանչյուր 8-րդ մարդ տալասեմիայի գենի կրող է հանդիսանում: Նրա խոսքով' Ադրբեջանում տալասեմիայով հիվանդների մոտ կեսը արյան բաղադրիչների կանոնավոր կարիք է զգում: «Նրանցից յուրաքանչյուրը ամիսը 2-3, իսկ երբեմն 5-6 անգամ արյան փոխներարկման կարիք ունի», -հավելել է նա:

 

Ադրբեջանում ժառանգական հիվանդությամբ' տալասեմիայով ամենաշատ տարածված շրջաններն են Շաքին, Աղդաշը, Մասալլըն, Սաբիրաբադը, Օղուզը, Գյոյչայը:

 

Ադրբեջանում տալասեմիայի տարածման հիմնական պատճառներից մեկն այն է, որ այդ երկրում հաճախակի են հարազատական կապեր ունեցող զույգերի միջեւ ամուսնությունները, ինչի պատճառով, երկրի ղեկավարի վերը նշված հանձնարարականով պահանջվում է ամուսնությունից առաջ զույգերին պարտադիր կերպով հետազոտության ենթարկել:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով' աշխարհում 250 մլն-ից ավելի տալասեմիայի կրողներ եւ մոտ 300 հազար հիվանդներ կան: