ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացիկ խնդիրները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի համար ընդունված նախագերին, ինչպես նաև ՀՀ միջազգային պարտավորություններին: Սուրեն Քրմոյանը նշել է, որ խորհուրդը պետք է քննարկի և մշակի հակակոռուպցիոն ռազմավարություն, իսկ դրա արդյունավետության և հանրային շահերի ներառման ու արտահայտման համար կարևոր է ՀԿ-ների ներգրավվածությունը:
«Դա կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարն առավել համակարգված, թափանցիկ և վերահսկելի դարձնելուն»,- նշել է նախարարի տեղակալը և ընդգծել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ուժեղացման անհրաժեշտությունը: Նա ՀԿ-երի ներկայացուցիչներին խնդրել է ներկայացնել կարծիքներ և առաջարկություններ, ինչպես նաև իրենց կատարած հետազոտություններն ու վերլուծությունները, որպեսզի դրանք ուսումնասիրվեն, մշակվեն և ներառվեն ռազմավարության մեջ: Փոխնախարարը կարևորել է համագործակցությունը գործնական հիմքի վրա և փոխշահավետ ու արդյունավետ աշխատելու պատրաստակամություն հայտնել:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խորհուրդն իրապես աշխատի և դառնա խնդիր լուծող մարմին»,- ընդգծել է նա՝ խնդրելով ՀԿ-ների ներկայացուցիչներին խորհրդի աշխատանքների հետ կապված նույնպես ներկայացնել իրենց մոտեցումներն ու տեսակետները:
Անդրադառնալով ռիսկերի առաջացմանն ու դրանց գնահատմանը՝ Սուրեն Քրմոյանը նշել է, որ կա համագործակցություն միջազգային գործընկերների հետ, որպեսզի նրանց գնահատականների ու վերլուծությունների հիման վրա մշակվեն ռիսկերի նվազեցման առավել գործուն մեխանիզմներ: Քննարկվել են նաև ՀՀ միջազգային պարտավորությունները և դրանց կատարման ուղղված առաջիկա քայլերը: