2014 թվականին ոսկու համաշխարհային պահանջարկը 2013 թվականի համեմատությամբ ֆիզիկական արտահայտությամբ նվազել Է 4 տոկոսով եւ կազմել 3 հազար 927,7 տոննա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է World Gold Council-ի հաշվետվության մեջ: Դրամական արտահայտությամբ սպառումը կրճատվել Է 14 տոկոսով՝ մինչեւ 159,754 մլրդ դոլար: Միջին գինը նվազել Է 10 տոկո սով՝ ունցիայի դիմաց մինչեւ 1266,4 դոլար:
Պահանջարկի հիմնական բաղադրիչը, չնայած գնումների 10 տոկոս անկման, մնում են ոսկերչական զարդերը: 2014 թվականին դրանց սպառումը կազմել Է 2 հազար 152,9 տոննա:
Ոսկու համաշխարհային ներդրումային պահանջարկը կազմել Է 904,6 տոննա՝ 2 տոկոսով ավելի, քան 2013 թվականին: Ոսկե մետաղադրամների եւ ձուլակտորների գնումներն ընկել են 40 տոկոսով՝ մինչեւ 1 հազար 63,6 տոննա, բայց դրա հետ մեկտեղ բորսայական ներդրումային հիմնադրամներից (ETF) ոսկու արտահոսքը նվազել Է 5,5 անգամ՝ մինչեւ 159,1 տոննա:
Չինաստանը (ներառյալ Հոնկոնգն ու Թայվանը) երկրորդ տարին անընդմեջ Հնդկաստանից առաջ Է անցնում ոսկու սպառողական պահանջարկի ծավալներներով (867,5 տոննա՝ 842,7 տոննայի դիմաց), թեեւ չորրորդ եռամսյակում Հնդկաստանը այդ ցուցանիշով կրկին հայտնվել Է առաջին տեղում (223,2 տոննա), առաջ անցնելով Չինաստանից (196,9 տոննա):
Ռուսաստանում ոսկերչական զարդերի պահանջարկը, 2014 թվականի արդյունքներով, նվազել Է 4 տոկոսով՝ մինչեւ 70,6 տոննա: Չորրորդ եռամսյակում այն կտրուկ ընկել Է 13 տոկոսով (մինչեւ 18,5 տոննա):
Կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումներն ավելացել են 17 տոկոսով՝ մինչեւ 477,2 տոննա: Ինչպես նշում Է «Ինտերֆաքս» գործակալությունը, գնումների ծավալով առաջատարը դարձել Է ՌԴ Կենտրոնական բանկը՝ 173 տոննա (համաշխարհային պետական գնումների 36 տոկոսը): WDS-ի տվյալների համաձայն՝ 2014 թվականի վերջին Ռուսաստանի պահուստներում ոսկու պաշարների ծավալը կազմել Է 1 հազար 208,2 տոննա:
Նաեւ ոսկու զգալի ծավալներ են գնել Ղազախստանի (48 տոննա), Իրաքի (48 տոննա) եւ Ադրբեջանի (10 տոննա) կենտրոնական բանկերը: Միակ պետությունը, որն իր պահուստներում զգալիորեն (44 տոկոսով) նվազեցրել Է ոսկու պաշարները, Ուկրաինան Է: 2014 թվականի վերջին այնտեղ մնացել Էր 24 տոննա ոսկի: