Աբխազիայի քաղաքացիները մինչև 2015 թվականի վերջը նոր ընդհանուր քաղաքացիական անձնագրեր կստանան՝ բարձր պաշտպանվածությամբ: Դրանք տպագրելու են Ռուսաստանի Գոզնակում: Այդ մասին փետրվարի 12-ին լրագրողներին հայտնել է հանրապետության առաջին փոխվարչապետ Շամիլ Աձինբան: Նա գլխավորում է աշխատանքային խումբը, որն զբաղվում է Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր քաղաքացիական անձնագրերի նոր նմուշի ստեղծմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

 

Աձինբան հավաստիացրել է, որ անձնագրերը կսկսեն տալ առաջիկա երեք ամիսներին, և նախքան տեղական ինքնակառավարման մարմինների՝ 2016 թվականի փետրվարին կայանալիք ընտրությունները անձնագրավորված կլինի հանրապետության ամբողջ բնակչությունը:

 

 

Փոխվարչապետի խոսքով՝ 2005 թվականից ներքին աբխազական անձնագրեր է ստացել շուրջ 200 հազար մարդ և դրանք փոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես այն բանով, որ 2014 թվականի ամռանն Աբխազիայի ներքին գործերի նախարարության անձնագրերի-այցագրերի ծառայությունը բացահայտել է հանրապետության արևելյան շրջանների 22 հազար 787 բնակիչների, որոնց անձնագրերը տրվել են քաղաքացիության մասին օրենքի խախտմամբ: Խոսքն առավելապես վերաբերում է վրացազգի բնակիչներին, որոնք, ստանալով աբխազական անձնագրեր, չեն հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից:

 

 

Աբխազիայում երկքաղաքացիությունը թույլատրված է միայն Ռուսաստանի Դաշնության հետ: Անձնագրերի փոխարինումը պայմանավորված է նաև դրանց ցածր աստիճանի պաշտպանվածությամբ: «Միջին «հմտության» խարդախը լավ ջանալու դեպքում կարող է դրանք կեղծել»,-ասել է Աբխազիայի փոխվարչապետը: