Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն' ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին:
Բադալյանը հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում են այս պահին բանակցությունները, արդյոք մինչև այս տարվա վերջ հավանական է խաղաղության պայմանագրի կնքումը: Պատգամավորը նաև մեջբերեց լրագրողների պարբերաբար հնչող հարցը՝ արդյոք իսկապես հավանական է խաղաղության պայմանագիրը, որքանո՞վ է այդ պայմանագիրը նշանակում բարեկամություն թշնամիների հետ:
«Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ և կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ: Ինչքանով է դա իրատեսական. ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ՝ ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանով է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմաններն ըստ էության հայտնի են»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը շատ կարևորեց, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Սա շատ կարևոր հանգամանք է, ու ԼՂ հայության իրավունքների և պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն:
«Թշնամանքը և ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, քանի որ, երբ դա կառավարելի չէ, կարող է բերել միայն վնաս: Մնացածը, ավելի բարձր հայտարարություններ, ցավոք, կամ բարեբախտաբար, չեմ կարող անել: Բայց, որ ամեն ինչը պետք է կառավարվի, այդ թվում' թշնամանքը, դա ինձ համար փաստ է»,-ասաց վարչապետը: