Չինաստանը մինչև 2020 թվականը թերթաքարային գազի արդյունահանումը կավելացնի 23 անգամ՝ մինչև 30 միլիարդ խորանարդ մետր: Ինչպես փետրվարի 12-ին գրել է «Մեյժի ցզինցզի սինվեն» հրատարակությունը, ՉԺՀ-ում արդյունահանվող բնական գազի ընդհանուր ծավալում թերթաքարային գազի բաժինը 1 տոկոսից կավելանա մինչև 15 տոկոս, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Անցյալ տարի Չինաստանի տարածքում հորատվել է 200 հորատանցք: Այսպիսով, վառելիքի այս տեսակն այժմ ստացվում է 400 հորատանցքերից»,- մեջբերում է հրատարակությունը «China National Offshore Oil Corporation» (CNOOC)-ի առաջատար վերլուծաբան Չեն Վեյդունի խոսքը: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, մոտ ապագայում հորատանցքերի թիվը կավելացվի տարեկան մի քանի հարյուրով: Թերթաքարային գազի հանույթի ծավալների մեծացումը կնպաստի ածխի գործածության նվազեցմանը և մթնոլորտ արտանետումների մակարդակի կրճատմանը, հավելել է նա: