«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները հաջորդ շաբաթ հեռախոսով կքննարկեն հրադադարի շուրջ պայմանավորվածության կատարումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 

«Մենք մի շարք գործողություններ ենք նախատեսել Մինսկի պայմանավորվածությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար: Մասնավորապես, փետրվարի 15-ի կեսգիշերից հրադադարի ուժի մեջ մտնելու դեպքում, հաջորդ շաբաթ պետք է «նորմանդական քառյակի» ձեւաչափով հեռախոսով քննարկվի հրադադարի պայմանների կատարումը: Դա մեզ թույլ կտա միասին որոշել՝ կատարվում են արդյոք պայմանավորվածությունները»,- ասել է Օլանդը:

 

Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ նա հայտնել է, որ «անհրաժեշտության դեպքում առաջիկա շաբաթներին կարող է անցկացվել «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների անձնական հանդիպում»: