ՀՀ ոստիկանների ձեռնարկած աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել է հերթական գրպանահատը, ձերբակալվել են գողության մեջ կասկածվողները: Ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած կինը հայտնել էր, որ փետրվարի 10-ին թիվ 67 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 11 հազար դրամ, 1.100 ռուբլի, 2 դոլար, արծաթյա կախազարդ, սոցիալական քարտը և բանկային քարտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1978 թ. ծնված Կարեն Գ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 12-ին, ժամը 16.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Փետրվարի 8-ի առավոտյան ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը Ալագյազ գյուղի խանութից գողություն է կատարվել: Գողացել էին տարբեր տեսակի ապրանքներ' սեփականատիրոջը պատճառելով 900 հազար դրամի նյութական վնաս: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Արագածի և Ապարանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչներ՝ 1993 թ. ծնված Վռամ Խ.-ն և 1986 թ. ծնված Էդվարդ Հ.-ն: Վռամ Խ-ն Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Վռամ Խ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդվարդ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Հունվարի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դալար գյուղում գտնվող հիմնարկությունից մետաղյա խողովակներ են գողացել: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նշված գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Գրիգոր Պ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն: