Ռուսաստանի Դաշնության Պրիկամյե քաղաքում հետաքննվում է մասշտաբային խարդախության դեպք' կապված Ադրբեջան փայտանյութի փոխադրման հետ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Կոմերսանտ» թերթը, հետաքննության վարկածով, Ադրբեջանի քաղաքացի, «Լեսինվեստ» ընկերության ղեկավար Աֆիք Աղաեւը, ով մի շարք ձեւական գործարքների միջոցով պետբյուջեից խոշոր չափերի հասնող գումար է յուրացրել, կասկածվում է ավելի վաղ Սոլիկամսկի գլխավոր ճարտարապետ Օլգա Կարապետյանի եւ Պերմի բնակիչ Արթուր Աբրամյանի սպանության մեջ: Այդ գործով որպես մեղադրյալ անցնում է նաեւ Աղաեւի մերձավոր Նատալյա Սելետկովան:

 

 

Տվյալ քրեական գործի հետաքննության ժամանակ բացահայտվել է, որ Ա.Աբրամյանին եւ Օ.Կարապետյանին սպանել էին Ա.Ալիեւի թիկնապահներ, Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկներ Ազեր Աքպերովը եւ Էլդանիզ Մամեդովը:

 

 

Խարդախության այդ գործով խուզարկության ժամանակ իրավապահները Աքպերովի մոտ հայտնաբերել էին TT ատրճանակ եւ 34 փամփուշտ, խլացուցիչ' անաղմուկ կրակելու համար, ինչպես նաեւ 16 մմ տրամաչափի հրացանի փամփուշտներ: Աքպերովի հեռախոսի կրիչ-քարտում հայտնաբերվել էր այն հրացանի լուսանկարը, որով գնդակահարվել էր Կարապետյանը:

 

 

Արթուր Աբրամյանի սպանության համար Ազեր Աքպերովը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ Օլգա Կարապետյանի սպանության համար' 23 տարվա ազատազրկման: Էլդանիզ Մամեդովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: